Վարդան Բոստանջյան. «Ես ուզում եմ դժվար հասկանալ» (տեսանյութ)
Հրայր Թովմասյանը առաջին անգամ է լսում Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի մասին եւ ոչ մի տեղեկություն չունի երեկ խորհրդային տարիներին բռնաճնշումների ենթարկվածներին նվիրված ցուցահանդեսի արգելման մասին. «Այո, չեմ ճանաչում, ես արվեստից...»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հրայր Թովմասյանը: Պատգամավորը նկատում է, որ խորհրդարանը մեկ տասնյակից ավելի օրենքներ է ընդունել, որոնցում բռնադատվածների, աքսորվածների նկատմամբ այլ վերաբերմունք է նախատեսում: Հիշեցնենք, որ երեկ մշակույթի նախարարությունն արգելել է «Խավարում» խորագրով ցուցահանդեսը այն պատճառաբանությամբ, որ այն քաղաքականացված է. «Քաղաքական բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը կարո՞ղ է կամ պե՞տք է լինի ապաքաղաքական: -Պետք է լինի ապաքաղաքական։ Ընդհանրապես ես ուզում եմ դժվար հասկանալ։ Հատկապես Թուխիկյանի մասով ես էլ ձեր նման ուզում եմ էդպես տարօրինակ նայել»,- ասում է ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Բոլոր դեպքերում, ըստ «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցչի, տեղի ունեցածը լավ բան չէ, բայց չէր ասի, թե դատապարտելի է Մշակույթի նախարարության արածը. «Էթիկայի տեսանկյունից դատապարտելի՞ չէ խոմ, ասենք, տիեզերական հանցագործություն չի կատարվել, բայց բոլոր դեպքերում սուբյեկտիվ քայլ է կատարվել։ Եթե էդ գործընթացը շարունակվի, արդեն կդառնա դատապարտելի»: Տեղի ունեցածում քաղաքական ոչինչ չի տեսնում ընդդիմադիր պատգամավորը ու կարիք չկա, որ խորհրդարանը դիրքորոշում ունենա այս հարցում, գուցե բավարարվեն մտահոգություն արտահայտելով: Պարոն Բոստանջյանը դեռ չգիտի, թե ցուցահանդեսը ինչպիսի բռնաճնշումների մասին է պատմում, բայց ինքն, օրինակ չէր շտապի դատապարտել Անաստաս Միկոյանին, որը Հայաստանի ղեկավարներից անցյալ դարի 30-ականներին պահանջում էր ավելացնել գնդակահարվողների թիվը. «Եթե Միկոյանը եկել ա, ուրեմն, չիստկա, մաքրելու համար, հիմա եթե Միկոյանը չգար, կարող ա 100 հազար մարդու տանեին, Միկոյանը եկել ա, 10 հազար մարդու են տարել։ Մենք չենք ուզում գնահատել, որ էդ մարդը խոմ Լյուցիֆերի, Սատանայի զավակը չի՞ եղել»,- մեկնաբանում է Վարդան Բոստանջյանը: Պատգամավորը մշակույթի նախարարության արածը գրաքննություն չի անվանի: Եվ ընդհանրապես, գրաքննությունը հարաբերական հասկացություն է. «Գրաքննություն, հիմա ասում են թողեք իրավունքները թող երեխան մեծանա, թե ինչ սեռի ներկայացուցիչ ա, գրաքննությունը նույն ձեւի բան ա, ասում ա՝ դուք իրավունք չունեք, դուք բռնություն եք կիրառում։ Հիմա մենք կարող է խոսում ենք հետամնաց դիտակետից»: Պատգամավորն առաջարկում է չծավալվել եւ չստիպել իրեն, որ ինքը ավել-պակաս խոսի մշակույթի նախարարի կերպարից: Փաստ է, որ պետության համար լավ բան չի եղել: