Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թող դատարանը մտածի՝ ոնց է դրա տակից դուրս գալու. հանրային պաշտպան (տեսանյութ)

Քաղաքականություն
garegin-nkar

Երբ «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով նիստին խոսելու հերթը հասավ հանրային պաշտպան ներգրավված Գարեգին Մարգարյանին, նա հայտարարեց՝ ինքը հրաժարվում է պաշտպանել Սմբատ Բարսեղյանի և Արեգ Կյուրեղյանի իրավունքները։  «Ես չեմ կարող պաշտպանություն իրականացնել մինչև ամբաստանյալների համաձայնությունը չլինի։ Հարգելի դատարան, ես կատարում եմ Ձեր որոշումը, մնում եմ դահլիճում, չեմ կատարում պաշտպանությունը, քանի որ կատարում եմ Հանրային պաշտպանի գրասենյակի որոշումը»։ Գարեգին Մարգարյանը դատավարության ընթացքում այդպես էլ չլքեց նիստերի դահլիճը։ Ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի՝ հանրային պաշտպանը կոչված է իրականացնել ամբաստանյալների շահերի պաշտպանություն, հակառակ պարագայում, նրա ներկայությունը դահլիճում անհասկանալի է։  «Եթե պետության կողմից նշանակված պաշտպան է, տվյալ պարագայում նա պարտավոր է պաշտպանություն իրականացնել, և այդ պաշտպանությունը պետք է լինի լիարժեք։ Եթե լիարժեք պաշտպանություն չի իրականացվում, ապա պատասխանատուն պետությունն է դառնում»։ Լրագրողների հարցին՝ արդյո՞ք ինքը գիտակցում է, որ չիրականացնելով պաշտպանություն և մնալով դատարանի դահլիճում, կարող է վտանգվել  ամբաստանյալների պաշտպանության իրավունքը, հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանը դրական պատասխան տվեց. «Խախտվում է նրանց պաշտպանության իրավունքը, թող դատարանը մտածի, թե ոնց է դրա տակից դուրս գալու։ Ես դահլիճում եմ մնում, որովհետև դատարանի որոշում կա, որն ինձ պարտավորեցնում է, ես պետք է կատարեմ էդ որոշումը»։ Գարեգին Մարգարյանի դիրքորոշումը՝ չպաշտպանել ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի ու Արեգ Կյուրեղյանի շահերը, բայց մնալ դատարանի դահլիճում, ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի, հակասում է փաստաբանի վարքականոնին։ Դատարանի ամեն որոշում չէ, որ փաստաբանը պետք է ենթարկվի։  «Կարող է դատարանը որոշում է իմ տունը պետք է իրեն նվեր տամ, չի լինելու, որ ես իմ տունն իրեն նվեր տամ։ Ինքը պետք է լքեր դատարանի դահլիճը։ Եթե մնում է պաշտպանի կարգավիճակում, ուրեմն պետք է պաշտպանություն իրականացնի»,- ասաց Լուսինե Սահակյանը։ Թեժ ընթացավ «Սասնա ծռեր»ի 14-ի գործով այսօրվա նիստը ևս։ Տեղից խոսելու համար սանկցիա՝ նախազգուշացում ստացավ Արայիկ Խանդոյանը։ Տեղում ծիծաղելու, և ոչ խոսելու համար դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստերի դահլիճից հեռացրեց խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանին։ Հաջորդ դատական նիստին կքննվի Գագիկ Եղիազարյանի համար հանրային պաշտպան ներգրավելու հարցը։