Մայր թատրոնը արտասահմանից ռեժիսորներ կհրավիրի (տեսանյութ)
Մայր թատրոնում առաջիկայում մեծ փոփոխություններ են սպասվում։ Նպատակ կա նույնիսկ արտասահմանից ռեժիսորներ հրավիրել։ Կբեմականացվի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը, «Հարսնացուն հյուսիսից»-ը։
«Սա մեկ մարդու ինքնահաստատվելու տեղ չէ, և մեկը չէ, որ պետք է բեմադրություններ անի,- ասում է գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։- Բազմերանգություն պետք է հնչի բեմից»։
Այսօր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Արմեն Էլբակյանը ներկայացրեցին Սունդուկյան թատրոնի նորանշանակ տնօրեն Վարդան Մկրտչյանին։
«Կարելի է ասել Համազգայինում եմ ծնվել։18 տարի ծառայել եմ համազգային թատրոնում, 7-8 տարի տնօրենն եմ եղել, որպես արվեստագետ ասեմ, որ չեմ հեռացել թատրոնից, և եթե ցանկություն ունենան հրավիրել ինձ որպես դերասան մեծ սիրով կհամաձայնեմ, սակայն իմ գործն այսուհետ կապված է Մայր թատրոնի հետ»,- ասում է Վարդան Մկրտչյանը։
[caption id="attachment_1564072" align="alignnone" width="500"]
RA Minister of Culture Armen Amiryan presented newly appointed director of Sundukyan State Academic Theatre Vardan Mkrtchyan[/caption]
«Այո, ցանկացած զինվոր պետք է ձգտի գեներալ դառնալ»,- կատակեց նախարարը։
Արմեն Էլբակյանի խոսքով՝ գեղարվեստական ղեկավար-տնօրեն հարաբերությունները նախկինում կանոնադրությամբ էին հստակեցված։ Այսօր սա կարծես ավելի բարոյական հարաբերություն է։ Ուրախ է համագործակցության համար. «Եթե հումորով ասեմ, ապա մեր տարիքները թե գումարենք ու բաժանենք, կստացվի մի առողջ տղամարդ»։
Գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը հստակ պատկերացում ունեն, թե ինչպիսին պետք է լինի ակադեմիական թատրոնը։ Սա ոչ միայն հայաստանաբնակների, այլև տասմիլիոնանոց սփյուռքի Մայր թատրոնն է, և ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենալ։ Հեշտ չի լինելու։ Ով կդիմանա՝ կմնա, ով չէ՝ կմաղվի կգնա։
«Հրաշալի մարդիկ են ապրում այս թատրոնում, լուրջ պոտենցիալ կա, սակայն կա նաև ձևափոխումների օրհասական անհրաժեշտություն։ Կյանքի ռիթմը այսօր արագացել է, և մենք էլ պետք է չկորցնենք ժամանակի զարկերակը։ Ես այդքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե կայծակնային արագությամբ ամեն հարց իր լուծումը կստանա», -ասում է նորանշանակ տնօրենը, սակայն համոզված եմ, որ մոտ ապագայում պետք է կարողանամ ծրագրերը իրագործել, եթե ոչ՝ սիրահոժար կհեռանամ»։