ՀՀ Անկախության հռչակագիրը 27 տարեկան է (տեսանյութ)
27 տարի առաջ այս օրը՝ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունվեց ՀՀ Անկախության հռչակագիրը։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականիմայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ ՀՀ սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։