Փաստաբանը դիմել է Վլադիմիր Գասպարյանին` Սասնա ծռերին խոշտանգելու հարցով (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբավորման գործով փաստաբան Արա Ղարագյոզյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ փոխգնդապետ Արմեն Ղազարյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Հենց այդ ոստիկանն էր գլխավորում «Սասնա ծռեր» խմբի անդամներին բռնության ենթարկած ոստիկանական ստորաբաժանումը։ «Գոնե ժամանակավորապես այդ Արմեն Ղազարյանի լիազորությունները պետք է դադարեցվեն, և նա չգա մեր պաշտպանյալների հետ չշփվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում ոստիկանները բռնության էին ենթարկել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին, Սմբատ Բարսեղյանին, Արայիկ Խանդոյանին և Գագիկ Եղիազարյանին։ Վերջիններս տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։ Ըստ փաստաբանի՝ Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիան սահմանում է՝ խոշտանգման մեջ կասկածվողը պետք է հեռու մնա տուժողներից. «Այդ Արմեն Ղազարյանը շարունակում է գալ դատարան, և դատավորի աչքի առջև նորից Հովհաննես Հարությունյանի նկատմամբ բռնություն է կիրառում։ Սա անթույլատրելի է։ Եվրոպական կոնվենցիայի խոշտանգումներից զերծ մնալու մասով Արմեն Ղազարյանը պետք է չգար դատարան։ Մեր պաշտպանյալները դատական նիստի ժամանակ նորից հնարավոր է ենթարկվեն բռնության»։ ՀՔԾ-ում խոշտանգման փաստով հարուցվել է քրեական գործ, բռնության ենթարկվածները տուժողներ են ճանաչվել, բայց դեպքից 1.5 ամիս անց որևէ ոստիկան դեռևս չի հարցաքննվել, տեղի չի ունեցել առերեսում, առավել ևս՝ բռնություն գործադրելու մեջ որևէ մեկը չի կասկածվում։ Արա Ղարագյոզյանն ասում է. «Եթե արդյունավետ քննություն կատարվի, դատարանի տեսախցիկները պետք է վերծանվեին, և պարզ կերևար՝ ով է բռնություն գործադրել, ով է բռնություն գործադրելու հրամանը տվել, մինչև հիմա պետք է կալանավորվածներ լինեին։ Արդեն իսկ արդյունավետ քննություն չի իրականացվում խոշտանգման վերաբերյալ»։ Փաստաբան Արա Ղազարյանն զբաղվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպանությամբ։ Վերջինս ոստիկանական բռնությունից դեռ չի ապաքինվել։ «Մինչև հիմա գլխացավեր ունի, լսողության հետ կապված խնդիրներ ունի։ Դիմել էի, որ նրան տանեն, հետազոտության ենթարկեն, միայն բժիշկը մարմնապես զննել է նրան, սակայն պետք է գոնե ռենտգեն ստուգումներ իրականացվեն, դեպքից մինչև հիմա այդ հետազոտությունները չի իրականացվել։ Չի վերականգնվում խոշտանգման զոհերի առողջությունը»։ Փաստաբան Արա Ղարագյոզյանը պնդում է՝ փոխգնդապետի լիազորությունները դադարեցնելու համար դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, բայց չի վստահում նրան և դրական որոշում չի ակնկալում։ Ներպետական ատյաններն սպառելուց հետո խոշտանգման փաստով դիմելու են Եվրոպական դատարան։