Եվրոպացի ներդրողները ցանկանում են տեխնիկական աուդիտ անցկացնել «Նաիրիտ»-ում (տեսանյութ)
Խորհրդային շրջանում տնտեսության լոկոմոտիվը համարվող «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցը բանակցությունների փուլում է։ Ներդրում անել պատրաստվող «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչները երեկ հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ։ «Հանդիպումը բավական բովանդակալից եղավ, կողմերը փոխադարձ ցանկություն հայտնեցին «Նաիրիտի» վերագործարկման հարցում. պայմանավորվածություն ձեռք բերվեց ստորագրել համապատասխան փաստաթուղթ»,- այսօր հայտնեց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։ Դեռ մեկ տարի առաջ Հոլդինգը կառավարություն է ներկայացրել գործարանի վերագործարկման ծրագիր, համաձայն որի «Նաիրիտի» վերաթողարկումը հնարավոր է կատարել մեկուկես տարի ժամանակահատվածում՝ ներդնելով 70-100 միլիոն դոլար։ Անցել է մեկ տարի ու նախկին տնօրենի խոսքով՝ ի հայտ են եկել մութ կետեր։ «Հոլդինգը ծանոթ չէ , թե ինչ տեխնիկական վիճակում է այսօր գտնվում գործարանը։ Կան մութ կետեր, որոնց հոլդինգը չի տիրապետում, դրանք ոչ թե կասկածներ են, այլ փաստեր։ Կա սնանկության գործընթաց, արդեն 6-7 ամսից ավելի է օտարվում են համապատասխան նյութեր, բայց ի՞նչ նյութեր, դրանք մեզ պե՞տք են, թե ոչ, հարկավոր է ճշտել։ Մենք ուզում ենք հասկանալ այս ընթացքում սնանկության կառավարիչը վնաս տվե՞լ է, թե ոչ։ Այդ վնասը հնարավոր է վերականգնել հոլդինգի կողմից , թե ոչ»,-ասում է նա։ Հոլդինգի ներկայացուցիչները ցանկանում են գործարանում տեխնիկական աուդիտ կատարել. այժմ սպասում են կառավարության թույլտվությանը. Հոլդինգի անգլիացի ներկայացուցիչ Գարի Նևիլը առաջին անգամ չէ Հայաստանու. Կարծիքը նույնն է՝ Հայստանում առկա է ձեռնարկատիրական մեծ ոգի, կարող են աշխատել։ Բայց միևնույն ժամանակ խոստովանում է գործարան վերագործարկելը բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է, մեծ աշխատանք պետք է կատարվի այդ ուղղությամբ նախևառաջ պետք է հետազոտողական աշխատանք կատարվի։ Բուլղարիայի ներկայացուցիչ Պլամեն Ռուսեւն էլ նշում է՝ հաշվի առնելով, որ 7 տարի է, ինչ Նաիրիտը չի գործում, կան որոշ դիտարկումներ. «Կլինի համաձայնագիր, հստակ ժամկետ կնշվի՝ 6 ամիս, տեխնիկական ուսումնասիրություն կանենք, ու հստակ ժամկետներ կարող ենք նշել վերագործարկման համար»։