Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փաստաբանների պալատը հեծանիվ է հայտնագործում, որի կարիքը չունենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
papikyan

Փաստաբանների պալատի եւ Դատական դեպարտամենտի համատեղ  հայտարարությունը իրավական  առումով զրոյական արժեք ունի. կարծում է փաստաբան Արայիկ Պապիկյանը:   «Սա ուղղված է այն փաստաբանների դեմ, ովքեր հրաժարվում են խուզարկվել,  ինչը օրենքով ամրագրված է: Պետք չէ դրա շուրջ նոր հեծանիվ հայտնագործել: Իրենք դրանով են զբաղված:  Դատական դեպարտամենտը եւ Փաստաբանների պալատը նոր հեծանիվ է հայտնագործում, որի կարիքը մենք չունենք»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Համատեղ հայտարարությամբ երկու կառույցների ղեկավարությունը  փորձում են  լուծում տալ   «Սասնա ծռերի» եւ մյուս հնչողություն ունեցող գործերի ժամանակ տեղի ունեցող միջադեպերին։ Ըստ հայտարարության՝  եթե մետաղորսիչը ազդանշան է տալիս փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ, ապա փաստաբանին առաջարկվում է հատուկ առանձնացված պահարանում թողնել մետաղական իրերը և կրկին մետաղորսիչով զննվել։  Եթե կրկին ազդանշան է տալիս, ապա փաստաբանի պահանջի դեպքում զննությունը կարող է կատարվել առանձին սենյակում: Կարգադրիչները, ըստ հայտարարության, իրավունք չունեն փաստաբանի պայուսակը կամ իրը զննելու դեպքում որեւէ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ:  « Ապօրինի ճանապարհով փորձեցին լեգիտիմացնել այն ապօրինությունը, որը տեղի է ունենում դատարանում եւ կարգադրիչներին ավելի լայն հնարավորություն տան, որպեսզի ինձ եւ իմ մյուս գործընկերներին, ովքեր չեն խուզարկվում,  ցույց տան այդ փաստաթուղթը՝ ավելի ճիշտ թուղթը»,- ավելացնում է փաստաբանը:  Հայտարարությունը,   Արայիկ Պապիկյանի խոսքերով, անհրաժեշտ էր նաեւ  Փաստաբանների պալատին.  «Եթե ցանկություն եւ նպատակ կա պատժել, հղում կատարեն այդ իրավական զրո արժեք ունեցող փաստաթղթին»:  Մեկ տասնյակից ավելի սանկցիաներ ունեցող փաստաբանին, սակայն դա չի մտահոգում:   «Շարունակելու եմ աշխատել օրենքով սահմանված կարգով  եւ շարունակելու եմ կատարել իմ պարտականությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով»- ավելացնում է Արայիկ Պապիկյանը: Ի տարբերություն նրա՝ Փաստաբանների պալատի  նախագահ Արա Զոհրաբյանն հայտարարությունը համարում է  Դատական դեպարտամենտի հետ ջենտլմենական պայմանավորվածություն։  Բայց նույնիսկ այս պարագայում կողմերի միջեւ կան հակասություններ:  Փաստաբանների պալատը   գտնում է, որ օրենքով արգելված իրերի ցանկ պետք է լինի, իսկ Դատական դեպարտամենտը հակառակ կարծիքի է։ Ըստ նրանց՝  ցանկ պետք չէ եւ պետք է հնարավորություն լինի, որ   իրենք տվյալ պահին որոշեն՝  դա արգելված իր է, թե՝ ոչ։