Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

27 տարի առաջ այս օրը որոշվեց Հայաստանի ապագան (տեսանյութ)

Քաղաքականություն
komunist-2

1990-ի օգոստոսի 4-ը Հայաստանի կոմունիստական կուսակցության սեւ օրն է, նա կորցնում է իր 70-ամյա իշխանությունը Հայաստանում: Այդ օրը նոր ձեւավորված խորհրդարանում Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվում Հայոց Համազգային շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա մրցակիցը կոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանն էր: Խորհրդարանը վերջին 70 տարում առաջին անգամ բազմակուսակցական էր: Սակայն հիմնական քաղաքական ուժերը կոմկուսն ու ՀՀՇ-ն էին: Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունը սկսվել էր դեռեւս օգոստոսի 3-ին: Փակ գաղտնի քվեարկությամբ կոմկուսի առաջնորդ Վլադիմիր Մովսիսյանն ստանում է 93 ձայն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 110 քվե: Դա բավարար չէր Գերագույն խորհրդի ղեկավարին ընտրված համարելու համար: Երկրորդ փուլում Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս 14 քվե է ստանում, որը նույնպես չի հերիքում ընտրյալ լինելուն: Ընտրությունները տեղափոխվեցին հաջորդ օր: Գերագույն խորհրդի նախագահի թեկնածուների նոր ցանկում ի թիվս ֆավորիտների ավելանում են այլ անուններ՝ Պարույր Հայրիկյան, Վազգեն Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան: Սակայն մրցակցությունը կրկին ընթանում է Տեր-Պետրոսյանի եւ Վլադիմիր Մովսիսյանի միջեւ: Այս օրը նույնպես առաջին քվեարկությունը չի որոշում հաղթողին, միայն երկրորդ փուլում Տեր-Պետրոսյանի քվեները գրեթե կրկնակի գերազանցում են Վլադիմիր Մովսիսյանի քվեներին: Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկողների մեջ լինում են բազմաթիվ կոմունիստներ: Հիմնական դերակատարումն ունենում է Կոմկուսի Գուգարքի տարածքային կազմակերպության ղեկավար Վիգեն Խաչատրյանը: Արդյունքում Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվում ՀՀՇ առաջնորդը: Հենց դա էլ որոշում է Հայաստանի ապագան: Գերագույն խորհուրդն արագորեն ընդունում է Անկախության հռչակագիր եւ անշրջելի դարձնում Հայաստանի անկախացման գործընթացը: Տեր-Պետրոսյանն իր հիմնական մրցակից Վլադիմիր Մովսիսյանի հանդեպ պահպանեց բարյացակամ վերաբերմունքը եւ նրան հետագայում վստահեց Փախստականների հարցերով պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Հենց կոմկուսից է Հայաստանի անկախ Հանրապետությանը ժառանգություն մնացել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը օրինական է ճանաչել անկախ պետության մեջ կեղծված բոլոր համապետական ընտրությունները, որոնք վիճարկվել են նրա ղեկավարած ատյանում: Այսօր կոմունիստական կուսակցությունը Հայաստանի խորհրդարանում չունի ոչ մի պատգամավոր: