ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ 2008-ին
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն տեղեկացրել էինք, որ ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների Հայաստանի հավաքականը «Եվրո-2009»-ի ընտրական փուլում հանդիպելու է Չեխիայի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Լիխտենշտեյնի հավաքականների հետ:
Ստոկհոլմում կայացած վիճակահանությանը մասնակցել էր նաեւ ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Մելիքբեկյանը, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ խաղացանկը գրեթե հաստատվել է. «Սովորաբար կողմերը խաղացանկը կարող են հաստատել վիճակահանությունից հետո 30 օրվա ընթացքում, սակայն մեր խմբի ներկայացուցիչները որոշեցին հենց Ստոկհոլմում քննարկել այն:
Մոտ չորս ժամ տեւած քննարկումից հետո կողմերը համաձայնության եկան բացառությամբ Ուկրաինայի, որի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Միխայլիչենկոն նշեց, թե չի ցանկանում ստորագրել եւ վերադառնալով Կիեւ հարցերը պետք է քննարկի ՈւՖՖ-ի ներկայացուցիչների հետ: Նա խոստացավ 30 օրվա ընթացքում հայտնել, թե արդյո՞ք համաձայն են, թե՞ ոչ: Եթե ուկրաինացիները չհամաձայնվեն, ապա խաղացանկը կորոշվի վիճակահանությամբ»:
Մելիքբեկյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի, Չեխիայի, Թուրքիայի եւ Լիխտենշտեյնի հետ համաձայնեցված խաղացանկով հայ եւ թուրք ֆուտբոլիստները հանդիպելու են 2008թ., եթե իհարկե ուկրաինացիներն ի վերջո համաձայնվեն մրցել այս տարբերակով: Մեր այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Թուրքիան Ադրբեջանի պես ցանկանա հանդիպել միայն չեզոք դաշտում, Արմեն Մելիքբեկյանը պատասխանեց. «Նրանք քաջատեղյակ էին, որ վիզայի խնդիր կա, քանի որ սահմանը փակ է, սակայն առայժմ նման խոսակցություններ չեն եղել»:
Վերջում ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալը նշեց, որ վիճակահանությունը Հայաստանի համար կարող էր եւ ավելի բարդ լինել. «Կային նաեւ ավելի բարդ խմբեր, սակայն Չեխիան, Ուկրաինան եւ Թուրքիան շատ ուժեղ մրցակիցներ են»: