Հրաչյա Ռոստոմյան. «Բոլորն էլ կարող են խնդիրները գցել ուրիշների վրա» (տեսանյութ)
«Մեր մոտ թյուր կարծիք կա, որ մենք ուժեղ ենք մենապայքարային մարզաձեւերում, իսկ խաղային ձեւերը հնարավոր չէ զարգացնել: Սակայն վերջին երեք տարիներին հայկական բասկետբոլում տարված աշխատանքների շնորհիվ մենք իրավունք են նվաճել մասնակցելու բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով միաժամանակ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն է: Նշենք, որ օգոստոսի 2-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականը Երեւանում ընդունելու է Սլովակիայի ընտրանուն, որը լինելու է մեր թիմի առաջին պաշտոնական հանդիպումը բասկետբոլի աշխարհի առաջնության շրջանակում: Հրաչյա Ռոստոմյանը հույս ունի, որ մեր հավաքականը հաջող հանդես կգա այդ մրցումներում, չնայած բոլոր մրցակիցներն էլ բավականին ուժեղ են ու փորձառու: Ինչ վերաբերում է Հայաստանում խաղային մարզաձեւերի զարգացման հեռանկարներին, ապա նախարարը նշեց հետեւյալը. «Ամենակարեւորը ուշադրություն դարձնելն է յուրաքանչյուր մանրուքի վրա: Թե չէ, դատարկ-դատարկ խոսելով բոլորն էլ կարող են խոսքեր ասել, խնդիրները գցել ուրիշների վրա: Հեշտ չէ: Մեծ ճանապարհ անցանք: Սա ապացույց է, թող բոլորը նայեն, տեսնեն»: Նա նկատի ունի մեր պատանի բասկետբոլիստների վերջին նվաճումների մասին, թեեւ դրանք ձեռք են բերվել ոչ ամենաբարձր մրցումներում՝ Եվրոպայի B եւ C դիվիզիոններում: