Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետ. «Ունենք օպտիմալացման բազմաթիվ տեղեր»

Քաղաքականություն
Vayoc_Dzor1

  Վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 28-ին Սյունիքի մարզից ուղևորվել է Վայոց ձոր, որտեղ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները: Վարչապետի հանձնարարականի հիման վրա Վայոց ձորի մարզից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 20 ներդրումային  ծրագիր՝ 2 մլրդ 384 մլն դրամ արժեքով: Կառավարության հավանությանն է արժանացել 8 ծրագիր՝ 1 մլրդ 616 մլն դրամ արժողությամբ, որից 2-ը՝ չրերի արտադրության և այծի կաթից պանրի արտադրության ծրագրերը (120 մլն դրամ) արդեն  ֆինանսավորվել են: Կազմվել է մարզի զարգացման 2017-2025թթ. ռազմավարությունը, որտեղ նշվել են զարգացման գերակա ուղղությունները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, արդյունաբերության արդիականացում:              Մարզի համայնքների սեփական եկամուտները կազմում են 701 մլն դրամ: 2017թ. 6 ամսվա հավաքագրումը կատարվել է 101.7 տոկոսով, որի աճը 2016թ. համեմատ կազմում է 16 տոկոս: 2016թ. Վայոց ձորի մարզի 18 համայնքի խոշորացման արդյունքում ձևավորվել են Վայքի, Ջերմուկի, Զառիթափի խոշորացված  համայնքները, 2017թ. նախատեսվում է խոշորացնել ևս 24 համայնք:        Կարեն Կարապետյանը կարևորել է տարբեր ծառայությունների մատուցման գործառույթներում, այդ թվում՝ աղբահանության, մասնավորին ներգրավելու հարցը և նշել, որ դա կբերի որակական փոփոխություն: Կառավարության ղեկավարն, անդրադառնալով «Մաքուր Հայաստան»-ին, ընդգծել է. «Նկատել եմ, որ միջհամայնքային ճանապարհներին կան մարդիկ, ովքեր զբաղվում են աղբահանությամբ ու դա մեծապես ուրախացնում է: Եթե այսպես հետևողական շարունակենք՝ վեց ամիս հետո, մյուս տարի տեսնելու ենք մեծ փոփոխություններ»:             Այնուհետև Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության զարգացման ոլորտների պատասխանատուները զեկուցել են այդ բնագավառներում կատարված և առկա խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները:              Վարչապետը նախ անդրադարձել է պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ընդգծելով առաջարկվող պայմանների շահավետ լինելը և կարևորելով դրանց մասին պատշաճ իրազեկումը:              Կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներ են տարվում օպտիմալացման ուղղությամբ, որոնց արդյունքնում կրթության ոլորտում արդեն իսկ տնտեսվել է 56, իսկ առողջապահության բնագավառում 24 մլն դրամ: Ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: «Մենք ունենք միջոցներն արդյունավետ ծախսելու բավականին մեծ ներուժ: Մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե գումարների տնտեսումն է, այլ  մեր երեխաներին ժամանակակից, առավելագույնս լավագույն կրթություն տրամադրելը: Եթե մենք ցանկանում ենք ունենալ լավ պետություն, ապա այսօր, վաղը կամ մյուս օրը մեր երեխաներին պետք է տրամադրենք լավագույն կրթությունը: Եվ ուղղակի այդ ժամանակ պետք է օբյեկտիվորեն, հաշվի առնելով մեր հնարավորությունները, գումարների էֆեկտիվ ծախս կատարենք: Կարծում եմ, որ ունենք օպտիմալացման բազմաթիվ տեղեր»,-ասել է գործադիրի ղեկավարը:          Զեկուցվել է, որ մարզի դպրոցներում հաջողությամբ կազմակերպվում են տեսադասեր. համագործակցություն է ծավալվում Երևանի Այբ, Մխիթար Հերացու անվան և Ֆիզմաթ դպրոցների հետ:             Անդրադառնալով առողջապահության ոլորտին՝ Կարեն Կարապետյանը դժգոհություն է հայտնել վճարովի ծառայություններից մուտքագրված գումարների ցուցանիշներից և այդ ուղղությամբ կատարված աշխատանքներից, հանձնարարել է մարզպետին համապատասխան քայլեր ձեռնարկել: