«Անսպասելիորեն Եվրադատարանը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց երևույթ է» (տեսանյութ)
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 359 գործ՝ բարձրացնելով խտրականության, կյանքի իրավունքի, արգելված վերաբերմունքի, անձնական կյանքի հարգման իրավունքի, գույքային իրավունքի խախտման հոդվածները: Այս պահի դրությամբ մոտ 2 տասնյակ գործ արդեն կոմունիկացվել է. «Անկեղծ ասած, մեզ համար անսպասելի էր, բայց Եվրոպական դատարանը հասկացավ, որ գլուխ կտրելն արտառոց երևույթ է և Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում նման դեպք տեղի ունենա»,- նշում է փաստաբան, միջազգայնագետ Արա Ղազարյանը: Ըստ նրա՝ ամեն օր խախտվում են Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչության իրավունքները. «Իրենք նորմալ կյանքից զրկված են, ամեն օր սպասում են, որ նորից կռմբակոծեն իրենց տները: Սա անձնական կյանքի պաշտպանության հարց է: Մարդիկ պատմում էին, որ առաջին անհրաժեշտության իրերը՝ սկսած երեխայի պայուսակից, դնում են դռան տակ, որ ռմբակոծության ժամանակ վերցնեն և փախչեն»: https://youtu.be/q_TxNo7Ktks Արցախի եւ Հայաստանի ՄԻՊ-երը նույնպես ակտիվ աշխատանքներ են կատարել Ապրիլյան պատերազմից հետո: Ըստ Արման Թաթոյանի՝ այդ աշխատանքը երբեք չպետք է դադարի, հայկական կողմը պետք է անընդհատ ավելի ակտիվ լինի եւ ներկայացնի իրողությունը միջազգային հանրությանը, հատկապես, երբ Ադրբեջանը գնալով խորացնում է ատելության մթնոլորտը հայերի նկատմամբ. «Մեծ պատիվ է այնտեղ համարվում հային վնասելը: Վերջին դեպքերը, երբ երեխայի նկարը տարածվեց՝ ատելությունը խորացնելու համար էր: Միջազգային կառույցները պետք է ուշադիր լինեն սրան, հասցեական գնահատականներ տան»: Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն էլ հայտարարեց, որ Ադրբեջանը պարիտետային իրավիճակ ստեղծելու համար կազմակերպում է բարբարոսական քայլեր իր բնակչության դեմ, ապացույցը՝ վերջին լարվածությունը, որի ժամանակ ադրբեջանական կողմից խաղաղ բնակիչներ զոհվեցին, այդ թվում՝ մեկ երեխա. «Ես համոզված եմ, որ երեխայի և տատիկի մահվան դեպքերը կազմակերպել է Ադրբեջանը՝ պարիտետային վիճակ ստեղծելու համար: Իմանալով Ադրբեջանի այսօրվա ղեկավարության բարբարոսական քաղաքականությունը՝ ես այս հարցում կասկած չունեմ: Ցավում եմ ցանկացած զոհի համար, ես կարծում եմ, որ պատերազմը չի ճանաչում ազգություն, բայց որ այդ երկու հանցագործություններն էլ խաղաղ բնակչության դեմ կազմակերպված է Ադրբեջանի կողմից, և դա պետք է բնութագրվի հանցագործություն՝ միանշանակ է»: Ավելին՝ տեսանյութով