Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ներկայացուցչի կոչը Թուրքիային՝ ազատ արձակել լրագրողներին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
osce

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը կոչ է անում Թուրքիային` ազատ արձակել ձերբակալված լրագրողներին։ «Ջումհուրիեթ» օրաթերթի լրագրողների և խորհրդի անդամների դեմ այսօր մեկնարկած դատավարությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում լրագրությունը պաշտպանելու և ԶԼՄ-ների ազատությունը բարելավելու անհրաժեշտություն կա. ասել է ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը: «Ես ուշադիր հետևելու եմ դատավարությանը, որը մեկնարկել է այս առավոտյան Ստամբուլում «Ջումհուրիեթ» օրաթերթի 17 հայտնի լրագրողների, խմբագիրների և խորհրդի անդամների դեմ, որոնց թվում են Ջան Դունդարը, Քադրի Գուրսելը, Մուրադ Սաբանջուն և Ահմեդ Շըքին,- ասել է Դեզիրը։- Լրագրությունը մեծ դեր է խաղում ժողովրդավարության առաջխաղացման գործում: Հետևաբար ես կոչ եմ անում Թուրքիային հանել մեղադրանքները, ազատ արձակել իրենց աշխատանքը կատարելու համար ձերբակալված բոլոր լրագրողներին և ձեռնարկել անհրաժեշտ բարեփոխումներ՝ երկրում ԶԼՄ-ների ազատությունը պատշտպանելու համար»: Մեղադրյալներին, որոնց մեծ մասը գտնվում է կալանքի տակ 2016 թվականի հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներից, սպառնում է 7,5-43 տարվա ազատազրկում: Նրանց մեղադրանք է առաջադրվել կալանավորումից ավելի քան 5 ամիս հետո՝ «անօրինական կազմակերպության անդամ լինելու», «չլինելով անօրինական կազմակերպության անդամ՝ այդ կազմակերպությանն օժանդակելու» և «աշխատանքային գործունեության հետ կապված վստահության չարաշահման» մեղադրանքներով: ԵԱՀԿ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն խստորեն դատապարտել է անցյալ տարվա հեղաշրջման փորձը Թուրքիայում և շեշտել է ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին պաշտպանելու անհրաժեշտությունը: «Ես լիովին հասկանում եմ ահաբեկչության դեմ պայքարի և ազգային անվտանգության պահպանության մարտահրավերը, բայց դա պետք է արվի՝ հարգելով բոլոր հիմնարար ազատությունները՝ ներառյալ խոսքի ազատությունը,- ասել է Դեզիրը։-Խոսքի ազատությունը և անվտանգությունը պետք է լինեն ձեռք ձեռքի՝ որպես  ուժեղ և ժողովրդավարական հասարակություն կերտելու և պահպանելու միակ արդյունավետ միջոցներ: Ազատ և հասանելի ԶԼՄ-ները նույնպես ապահովում են դժվար հարցերի շուրջ բանավեճեր՝ գտնելու խաղաղ լուծումներ»: Դեզիրը նաև հավելյալ մտահոգություն է հայտնել Թուրքիայում խոսքի ազատության իրադրության կապակցությամբ, որը տարածվում է ոչ միայն լրագրողների վրա, այլև բոլոր նրանց, որոնք օգտվում են խոսքի ազատության իրենց իրավունքից՝ արտահայտելով քննադատական և այլախոհ տեսակետներ, որոնց թվում սոցցանցերի օգտատերեր, մարդու իրավունքների պաշտպաններ և մտավորականներ: «Ներկայիս արտակարգ իրավիճակի պայմաններում ձեռք առնվող միջոցները հանգեցնում են անտեղի և անհամաչափ ճնշումների՝ երկրում խոսքի ազատության և ԶԼՄ-ների ազատության վրա,- ասել է Դեզիրը:-Ես կոչ եմ անում իշխանություններին ձեռնարկել մանրակրկիտ քաղաքականություն և իրավական բարեփոխումներ՝ խոսքի ազատությունը և ԶԼՄ-ների ազատությունը պաշտպանելու նպատակով: ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել Թուրքիային այս շատ կարևոր գործընթացն իրականացնելու համար»: