«Իշխանությունները փորձում են փաստաբանների ողնաշարը կոտրել» (տեսանյութ)
Փաստաբանի գործունեությունը հավասարեցնում են զրոյի, երբ իր աչքի առաջ ծեծում, խոշտանգում են պաշտպանյալին եւ նա չի կարողանում միջամտել: «Սա նշանակում է, որ այդ անողները, այդ անողներին հովանավորողները եւ այդ իրադարձությունների հրահանգ տվողները լրիվ արհամարհել են փաստաբանական գործունեությունը»,- ասում է փաստաբան Հայկ Ալումյանը: «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով քննարկման առիթը հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում եւ այնուհետեւ նկուղում տեղի ունեցած ծեծն ու բռնությունն էր: «Ամբաստանյալներից եղել են մարդիկ, որոնց ձեռքերը ծեծի ժամանակ ձեռնաշղթաներով շղթայված են եղել եւ այդ վիճակում ոստիկանները նրանց ենթարկել են ծեծի»,- ավելացրեց փաստաբանը: Հայկ Ալումյանը դիմում է խոշտանգող ոստիկաններին. «Ցանկացած պահի ձեզնից յուրաքանչյուրը, հարգելի պարոնայք, կարող է հայտնվել արդեն ամբաստանյալի կարգավիճակում, եւ դուք եք ունենալու պաշտպանի կարիք։ Մի ապականեք այդ ինստիտուտը, որ հետագայում ինքներդ կարողանաք պաշտպանվել»: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին ներկայիս արդարադատությունը հիշեցնում է 1937 թվականը, երբ ցանկացած անձի նկատմամբ կարող էր քրեական գործ հարուցվել: Արդարադատությունն էլ ընտրովի է գործում: «Եթե Հայաստանում արդարադատություն գործեր, լիներ նորմալ պետություն, անկախ դատական իշխանություն, Սասնա ծռերի ապստամբությունը չէր լինի, ես Դոստոեւսկու խոսքերը փոխած ձեզ կասեմ ոճիր եւ անպատիժ»,- ասում է իրավապաշտպանը: Ըստ Հայկ Ալումյանի՝ իշխանությունները փորձում են փաստաբանների ողնաշարը կոտրել եւ դա անում են՝ Փաստաբանների պալատի միջոցով: Փաստաբանները թիրախավորվում են հնչեղություն ստացած գործերով.«Նույն Սասնա ծռերի գործը, Նորքում վնասազերծված բանդայի գործը: Անձինք մեղադրվում են, որ զինված հեղաշրջում են նախապատրաստում: Այդ գործերով բոլոր մասնակցող փատաբանները հայտնվել են ռիսկային գոտում եւ նրանց նկատմամբ սկսվել են համատարած հալածանքներ»: Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ ավելացնում է. «Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նրանք խոշտանգման եւ վատ վերաբերմունքի արժանացնեն մեր պաշտպանյալներին, ամեն ինչ անեն, որ մեր մուտքը խոչընդոտեն» Ըստ նրա՝ «Սասնա ծռերի» գործով որոշակի սցենար է մշակվել եւ սկզբից ցանկանում են դատարանի դահլիճից հեռացնել ամբաստանյալներին, ապա պաշտպանյալներին եւ նիստերն անցկացնել դռնփակ: Երեկ Սասնա ծռերի գործով փաստաբաններ Արայիկ Պապիկյանի եւ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ Փաստաբանների պալատում հարուցվել է կարգապահական վարույթ: Մուշեղ Շուշանյանին պատասխանատվության ենթարկելու համար դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, իսկ Արայիկ Պապիկյանին՝ Դատախազության ներկայացուցիչը: Նրանք երկուսն էլ ըստ դիմողների, անհարգալից եւ անպարկեշտ արտահայտություններ են թույլ տվել: Իսկ ահա փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ վարույթ հարուցելը մերժվել է, փոխարենը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը որոշել է դիմել Ոստիկանապետին՝ փաստաբան Արա Ղարագյոզյանից հունիսի 28-ին Սասնա ծռերի գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ ձեռագիր գրառումներով թուղթն առգրաված ոստիկանի վարքագիծը քննարկելու համար: