Որտեղ պետք է լիներ Վալերի Օսիպյանը
«Եթե դու անաչառ լինեիր, հենց հիմա ձեռքդ կխփեիր սեղանին և գործը կկարճեիր»,- այսօր դատավորին նման կոչով դիմեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը։ «Դրա ժամանակը կգա»,-արձագանքեց դատավորը։ Այսօր դատրանում Սասնա ծռերի գործով պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին՝ նշելով, որ դատավորն անաչառ չէ, և պետք է հեռանա։ Փաստաբաններից Լուսինե Սահակյանը նշեց, որ չի կարծում, թե Հայաստանում կա մի դատավոր, որ կարող է անկախ և անկողմնակալ քննել այս գործը։ Պաշտպաններն իրենց մտահոգությունները ներկայացրին դատավորի գործողությունների դեմ՝ նշելով, որ նա չի ապահովում պաշտպանական կողմի իրավունքները և առանց ամբաստանյալների և նրանց պաշտպանների նիստ է անցկացնում։ Պաշտպաններից Ինեսա Պետրոսյանն էլ դատավորին հիշեցրեց, որ Գագիկ Եղիազարյանը հեռացված է նիստերի դահլիճից, նրա պաշտպանը չի մասնակցում դատին, իսկ դատավորն այս ամենը չի նկատել՝ խախտելով պաշտպանական կողմի իրավունքները։ Լուսինե Սահակյանը նաև դատավորին տեղեկացրեց, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ծառայություն է իրականացնում դատրանի շենքում, չնայած նրան, որ պետք է որպես վկա կամ տուժող լիներ դատարանի դահլիճում. «Ավելին, կանգնում է փաստաբանների կողքին, երբ մենք փաստաբանական մարտավարություն ենք քննարկում»։ Դատավորն այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ, ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության որոշումը կհրապարակվի 1,5 ժամից։