ԱՐՎԵ՞ՍՏ, ԹԵ ԱՐՀԵ՞ՍՏ
Աջակցիր «Ա1+»-ինՎերնիսաժում նկարների մի մասը երկար ժամանակ գետնին մնալով, կեղտոտվում են կամ վնասվում: Սակայն նկարիչները շարունակում են փողոցում վաճառել իրենք աշխատանքները:
Այն հարցին, թե ինչու են նկարները փողոցում վաճառում, Վերնիսաժի նկարիչներից մեկը այսպես պատասխանեց. «Ուրիշ հարմար տեղ չկա:
Այստեղ մենք ամսական 500-1000 դրամ ենք մուծում ստուգողներին, իսկ Նկարիչների միությունում ցուցահանդեսի մեկ օրը 50 դոլար արժի»:
Արդյո՞ք Երեւանում չկա այնպիսի կազմակերպություն, որը նկարիչներին հնարավորություն կտա անվճար ցուցադրել իրենց նկարները: Պարզվում է` կա: Հետաքրքիր է, որ այդ կազմակերպությունը, որը կոչվում է «Նարեկացի արվեստի միություն», Վերնիսաժին շատ մոտ է գտնվում:
Կազմակերպության ադմինիստրատոր Հասմիկ Գազազյանն ասաց, որ իրենք մեկ շաբաթով անվճար սրահ են տրամադրում տաղանդավոր նկարիչներին:
Տարօրինակ է, որ անգամ այդքան մոտ գտնվելով «Նարեկացի արվեստի միություն»-ը, Վերնիսաժի նկարիչներից ոչ ոք չի օգտվում այս հնարավորությունից:
Նկարիչ Արթուրը պատմեց, որ ինքը տարիներ առաջ մասնակցել է Նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներին, սակայն դա նրան չի օգնել նկար վաճառել: «Լավ նկարելը դեռ քիչ է, պետք է նաեւ լավ վաճառել»,- ասում է նա:
Մեկ այլ նկարիչ` Կարենը ասաց, որ նկարում է փող վաստակելու համար:«Բա էլ ինչի՞ համար»,- զարմացավ նա:
Նկարիչների հավաստմամբ՝ իրենք նկարում են բարձրորակ յուղաներկերով եւ միայն կտավի վրա: Նկարների միջին գինը կազմում է 25-35 հազար դրամ:
Իսկ թե որքանո՞վ է շահավետ նկարների վաճառքը, նկարիչներց մեկն այսպես մեկնաբանեց.«Եկամուտը ստաբիլ չէ. օր է լինում 20 նկար ենք վաճառում, ամիս էլ լինում է ոչ մեկը չենք վաճառում»:
Նկարիչների հետ կարելի է սակարկել եւ գին գցել: Նրանցից շատերը համոզում են հաճախորդներին, թե որքան ներշնչանքով են իրենք նկարել այս կամ այն նկարը:
Նկարներում հիմնականում պատկերված են Մասիսն ու Սիսը, ծաղիկներ, բնության, ծովի պատկերներ, ձիեր, դժվար չէ նկատել Այվազովսկու եւ Սարյանի ոճի նմանակումը: Նկարիչները ասում են, որ հենց այս նկարներն են հիմնականում գնորդ գտնում: