Սերգեյ Կյուրեղյանը հեռացվեց նիստերի դահլիճից
«Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանը քիչ առաջ հեռացվեց դատական նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառով։ Նա դատավոր Արտուշ Գաբրիելյանից փորձում էր պարզել, թե ինչու իրենց նկատմամբ սանկցիա կիրառվեց, երբ նրանք ոտքի չկանգնեցին. «Դուք պարզեցի՞ք պատճառները, թե ինչու մենք ոտքի չկանգնեցինք»։ Դատավորը նշեց, որ ոտքի չկանգնելն անհարգալից վերաբերմունք է և միայն կարող է հասկանալ Արամ Մանուկյանին, քանի որ հենակներով է շաժվում. «Համոզվա՞ծ եք, որ Արամ Մանուկյանի ոտքի չկանգնելը նրա առողջական վիճակով է պայմանավորված»,- հարցրեց Սերգեյ Կյուրեղյանը։ Դատավորը նրան հեռացրեց նիստերի դահլիճից, և 30 րոպե ընդմիջում հայտարարվեց։ Մինչ հեռացնելը, պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ դատավորից հետաքրքրվեց, թե ինչու են ապակեպատ դահլիճում այսքան ոստիկաններ հավաքված։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պարզաբանեց, որ դա արվում է դատավարության մասնակիցների անվտանգության նկատառումներից ելնելով. «Ես չեմ վախենում, բայց դատավորը հայտարարեց, որ վախենում է»։ Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, ավելացրեց, որ ոստիկանության պաշտպանությունն իրենց պետք չէ, մի քանի օր առաջ տեսան, թե ինչ էր կատարվում նիստերի դահլիճում։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստը դեռ չմեկնարկած, ոստիկանները բռնի ուժ կիրառելով նիստերի դահլիճից հեռացրին Մխիթար Ավետիսյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին։ Իսկ արդեն դատարանի նկուղում, ըստ պաշտպանների, բռնություններ էին գործադրվել Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ։