Խաղաղության բրդուճ, խոտաբույսերով գորգ, պոլո՝ Ենոքավանում
Տավուշի մարզի Ենոքավան համայնքում տեղի ունեցած «Հայ բույս» փառատոնին ներկայացվեց 20 մետր երկարություն ունեցող լավաշով խաղաղության մեծ բրդուճը՝ հայկական խոտաբույսերով և պանրի տեսականիով։ Այն 3 մետրով ավելի երկար էր նախորդ տարվա ներկայացվածից։ Կազմակերպիչների գնահատմամբ` բրդուճի հացը խորհրդանշում է ընտանիք, խոտաբույսերը` կյանք, իսկ պանրատեսակները` խաղաղություն։ Բրդուճի պատրաստումը ուղեկցվեց «Տոնացույց» ժողովրդական թատրոնի երգուպարով: Զբոսաշրջության զարգացմանն ուղղված այս միջոցառումը անցկացվում է 2015թ.: Փառատոնին ներկայացված տաղավարներում ցուցադրված էին ժողովրդական արվեստի գործեր, տարազ, խոհանոցի, կավագործության աշխատանքներ, հայկական տարբեր խոտաբույսերից պատրաստված թեյեր, համեմունքներ, ուտեստներ, գորգագործություն:
«Փառատոնի միջոցով նպատակ ունենք ներկայացնել և ժողովրդականացնել Տավուշի մարզի հարուստ բուսական աշխարհը, բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում աճող, բայց անհայտ բույսերի կիրառման, օգտակարության, բուժական նշանակության վերաբերյալ»,-նշեց «Հայ բույս» փառատոնի համահիմնադիր Գայանե Աղայանը:
Փառատոնի համահիմնադիր Գայանե Չիբուխչյանն իր հերթին ավելացրեց, որ փառատոնը ինչպես ճանաչողական, ուսուցողական, այնպես էլ ժամանցային նշանակություն ունի։ Փառատոնի շրջանակներում զուգահեռաբար անցկացվող թեմատիկ վարպետության դասերին հյուրերը հնարավորություն ունեն բույսերից պատրաստել կենցաղային պարագաներ, զովացուցիչ ըմպելիքներ, ծանոթանալ հայկական ազգային տարազների բուսական զարդանախշերին, խոտաբույսերով գորգագործությանը»:
«Հայ բույս» փառատոնի այս տարվա նորույթը «Հայաստանի գույներ» 10 մետրանոց գեղարվեստական կտորից պաննոն էր, որի վրա ներկայացված էին փառատոնի մասնակիցների լոգոները՝ կնիքի տեսքով և հյուրերի մատնաներկերով նկարազարդումները: Փառատոնի ավարտին կտորի մասերը` որպես վզկապներ, բաժանվեցին ներկաներին: Տեղի ունեցավ նաև «Ենոքավանյան պոլո» ձիերով շոուն: Անցկացված միջոցառմանը ելույթ ունեցան Միքայել Ոսկանյանն իր «TurUp» քառյակով, ջութակահարուհի Սոնա Ազարյանը, DJ Beatman-ը, Իջևանից «Puzzle's 5 peaces» խումբը և DJ Համոն:
