Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր պատմության ընթացքում ունենք մեր ամենավատ պառլամենտը. ԿԲ նախկին նախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն
bagrat-asatryan

Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանի սիրտը ցավում է, որ բոլորը շատ վատ բաներ են ասում իր կուսակցության մասին, մինչդեռ Հանրապետականը լույս է. «Եթե կուսակցությունը գալիս ա իշխանության, ես քաղաքական խոսակցություն եմ ուզում տանեմ, բոլոր տիպի մժեղները, մլակները, գալիս հավաքվում են»: Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն արձանագրում է՝ այդ լույսը խավարի մատնեց Հայաստանը. «Մեկ միլիոնից ավելի շատ մարդկանց պարտադրվել է կաշառք ստանալ, ընտրակաշառք: Ոստիկանը կանգնել է, թաղի խուժանը կանգնել ա, ես դեպքերը գիտեմ, մտել ասել է՝ չվերցնես, տունդ կպայթեցնեմ»: Կենտրոնական բանկի նախկին նախագահը կառավարության նոր ծրագրից ոչ մի սպասելիք չունի, խորհրդարանն էլ այստեղ անելու բան չունի. «Ես որեւէ սպասում էս պառլամենտական քննարկումներից չունեմ, որովհետեւ մեր պատմության ընթացքում ունենք մեր ամենավատ պառլամենտը, ամենաչմտածող պառլամենտը»: Պարոն Ասատրյանը Հայաստանի գրեթե բոլոր խնդիրների համար մեղադրում է Հանրապետականին: Ծրագիր են բերել խորհրդարան, որը ոչ մի հարցի չի պատասխանում. «Ինչու՞ ա արդեն 18-19 թվականներին Հայաստանի Հանրապետությունում մահացածների թիվը գերազանցելու ծնվածների թվին: Բերեք հատ-հատ դնենք վերլուծենք»: Անդրադառնալով արտագաղթին՝ տնտեսագետը նկատում է, որ հաջորդ տարի արդեն կտրուկ կպակասեն զորակոչի ցուցանիշները, նույնիսկ համալսարան ընդունվողների թիվը շեշտակի կպակասի: Սրա համար ո՞վ է պատասխան տալու. «Ես զարմանում եմ՝ ինչների՞դ է պետք էս իշխանությունը, հասկացանք՝ լավ՝ մի տարի, 5 տարի, 10 տարի, հետո՞ ինչ: 5 տարի որ մնաք, ի՞նչ եք անելու»: Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը տնտեսագետի վատատեսությունը չի կիսում: Նա հույս ունի, որ եթե ամեն ինչ լավ լինի, այս տարի Հայաստանը կարձանագրի 5 տոկոս տնտեսական աճ: