Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՈՒԴՈՒԿՆ ՈՒ ԿԼԱՐՆԵՏԸ «ԵՂԲԱՅՐՆԵՐ ԵՆ»

Մշակույթ

Կարապետյանների գերադաստանում դուդուկի, զուռնայի, կլարնետի, դաշնամուրի, դհոլի, զարբի հնչյունները միահյուսվում են երգի հետ: Սակայն «ամենազդեցիկը» կլարնետն ու դուդուկն են, որոնք սկսում են մեկմեկու նվագակցել, երբ երաժշտական այս գործիքներն իրենց ձեռքն են վերցնում Կոնստանտին եւ Մկրտիչ Կարապետյանները:

Կլարնետահար Կոնստանտին Կարապետյանը խոստովանում է, որ այսօր առավել մասսայական է դուդուկը: Թերեւս դրան հայկական գործիք լինելուց բացի նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ դուդուկն հնչում է նաեւ հոլիվուդյան ֆիլմերում: «Դուդուկը ճանաչվեց, ձգտում են դրան:

Հետո ինչ-որ տեղ մտածում են, որ իրենց համար ապրուստի միջոց է: Կլարնետը եւս սոցիալական հարց է լուծում, բայց այն չունի այդքան մեծ համբավ հայկական ժողովրդական արվեստում, ինչպես դուդուկը»,- ասում է երաժիշտը: Հետաքրքիր է, որ կլարնետը Հայաստանում իբրեւ հայկակական գործիք է ընկալվում, եւ դրա «մեղավորը» նաեւ դուդուկն է, քանի որ, ըստ Կոնստանտին Կարապետյանի. «Դուդուկ նվագողն էլ է կարողանում կլարնետ նվագել»:

«Կլարնետ ասելով` աշխարհն առաջին հերթին հասկանում է դասական երաժշտություն, իսկ մեզ մոտ կլարնետով նվագում են ժողովրդական երաժշտություն, ինչպես դուդուկով եւ զուռնայով: Թեեւ քչերին է հաջողվում կատարել ճիշտ ձեւով »,- նկատում է նա:

Պարզվում է, որ դուդուկը պահանջարկ ունի նաեւ այլազգիների շրջանում: «Ինքս անգամ ազգությամբ հրեա աշակերտ եմ ունեցել, որը դուդուկով հայկական նվագ էր նվագում»,-ասում է դուդուկահար, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանի դասախոս Մկրտիչ Կարապետյանը, որն այսօր դուդուկի հմտություններն է սովորեցնում 10 աշակերտի: Կարապետյան եղբայրներն արդեն 30 տարի է ելույթ են ունենում միասին։ Մասնակցել են միջազգային, հանրապետական բազմաթիվ փառատոնների, արժանացել պատվոգրերի։ Մկրտիչ Կարապետյանն աշխատել է Հայֆիլարմոնիայի ժողգործիքների անսամբլում՝ որպես մենակատար, այնուհետ— նվագել է Կույրերի միավորման ժողովրդական գործիքների անսամբլում:

Երկար տարիներ Կարապետյանները նվագել են նաեւ «Բերդ» պարի անսամբլում: 1990-ական թվականներին, երբ սոցիալական պայմանների պատճառով շատ երաժիշտներ հարկադրված լքեցին Հայաստանը, այս միտքը մի քանի անգամ թակել է նաեւ Կարապետյանների դուռը: «Շատ եւ շատ անվանի երաժիշտներ թողեցին եւ երկրից գնացին, քանի որ չէին կարողանում իրենց հացը վաստակել: Անգամ թողեցին երաժշտությունը:

Մենք ոչ մի տեղ չգնացինք»,- պատմում է Կոնստանտին Կարապետյանը: Այսօր թեեւ այլեւս առկա չէ մութ եւ ցուրտ դահլիճների խնդիրը, բայց, ինչպես մնացած երաժիշտների, այնպես էլ Կարապետյան եղբայրների առջեւ ծառացած են բազմաթիվ այլ խնդիրներ` օրինակ` համերգների կազմակերպման:

Այնուհանդերձ, Կարապետյան եղբայրները շարունակում են նվագել` գերդաստանի երաժշտական ավանդույթները փոխանցելով իրենց որդիներին, հետագայում գուցե նաեւ թոռներին: Ի դեպ, մի քանի տարի առաջ Ախալցխայի Սխվիլիսի գյուղում Կարապետյանները կազմակերպել էին բարեգործական համերգ, որի ողջ հասույթը տրամադրվել է տեղի հայկական եկեղեցու կառուցմանը: