Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ պատգամավորները կդիմե՞ն ազդարարի համակարգին (տեսանյութ)

Քաղաքականություն

Կառավարության հրավիրած ԱԺ նիստին այսօր քննարկվում են երեկ քննարկված նախագծերը` 2-րդ ընթերցմամբ։ Քննարկումը սկսվեց Կոռուպցիայի կանխարգելման մասին հանձնաժողովի եւ կից օրենքների փաթեթից։ Հեղինակ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նախ շնորհակալություն հայտնեց համագործակցության համար` նշելով, որ ՀՅԴ եւ Ելք դաշինքի մի շարք առաջարկներ ընդունվել են, մասնավորապես դրանք վերաբերում են հանձնաժողովի` մրցութային խորհրդում ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությանը, հանձնաժողովի կազմի ընտրության հարցում Ելք դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի առաջարկը` անցկացնել թեստավորում։ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը դիտողություն արեց, որ այս հանձնաժողովում բացակայում են օրինականության, անկողմնակալության, անկախության սկզբունքները, եւ դրանք վերապահված են միայն հանձնաժողովի անդամների մասով։  Արփինե Հովհաննիսյանը արձագանքեց` ասելով. «Մենք` իրավաբաններս, տեսնում կամ լսում ենք այն, ինչ ուզում ենք. հանձնաժողովը այդ սկզբունքներից դուրս չի կարող գործել»։  Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց, որ գործուղման է եղել ու չի կարողացել իր կարծիքը հայտնել. «Այս պահին եղած հնարավորությունների սահմաններում այս հանձնաժողովի ստեղծումը կարող ենք հնարավորինս օգտագործել, թեեւ այն կարող էր ավելի ուժեղ լինել։ Եթե բոլոր քաղաքացիները միահամուռ գնային ու ձայն տային Ելք-ին, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Ես կզարմանամ, երբ ՀՀԿ պատգամավորները դիմեն այս հանձնաժողովին կամ Ազդարարի համակարգին, քանի որ սա ընդդիմության մեխանիզմն է, ու առաջինը մենք ենք դիմելու առաջին իսկ օրվանից։ Դրա համար մենք կողմ ենք նախագծերի այս փաթեթին»։