Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՍՊԱՐՈՎԸ ՄԵԿՆԵՑ ԻՐԱՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» հիմնական դարպասապահ Գեւորգ Կասպարովը մեկնել է Իրան, որտեղ պատրաստվում է երկու տարվա պայմանագիր կնքել «Պաս» թիմի հետ:

«Պասը» հանդես է գալիս Իրանի բարձրագույն խմբի առաջնությունում եւ իր կազմում ունի մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի փորձառու կիսապաշտպան Համլետ Մխիթարյանը:

Գեւորգ Կասպարովը արդեն մեկ տարի է պաշտպանում է Հայաստանի հավաքականի դարպասը եւ հատկապես հաջող խաղ է ցուցադրել «Եվրո-2008»-ի ընտրական փուլում կայացած Հայաստան - Բելգիա, Հայաստան- Ֆինլանդիա հանդիպումներում: 26-ամյա դարպասապահը նախկինում հանդես է եկել նաեւ Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան հավաքականներում, ինչպես նաեւ «Զվարթնոց» ակումբում:

Կասպարովի տեղափոխությունից հետո «Փյունիկի» հիմնական դարպասապահի պարտականությունները այժմ կատարելու է երիտասարդ Էդգար Գասպարյանը, սակայն ակումբի ղեկավարները մտադիր են առաջիկայում պայամանագիր կնքել որեւէ արտասահմանցի փորձառու դարպասապահի հետ: