ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը մեկնարկում է ՈւԵՖԱ-ի 31-րդ կոնգրեսը, որի ընթացքում տեղի է ունենալու նաեւ այս կառույցի նախագահի ընտրությունը: Դուսելդորֆում կայանալիք կոնգրեսը ուղղակիորեն առնչություն ունի նաեւ Հայաստանի համար, որը ՈւԵՖԱ-ի 52 անդամներից մեկն է: Օրերս մի քանի ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Դուսելդորֆում միմյանց են հանդիպելու նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային ղեկավարները, «Եվրո-2008»-ի ընտրական փուլի հանդիպումները անցկացնելու խնդիրը քննարկելու համար:
Սակայն իրականում նման հանդիպում նախատեսված չէ, այլ հնարավոր է, որ պարզապես եւս մեկ անգամ քննարկվի հարցը եւ դա հիմնականում կախված է նրանից, թե ինչ ընթացք կունենան նախագահի ընտրությունները: Հայաստանը ընտրություններում պաշտպանելու է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Պլատինիի թեկնածությունը, որը ջերմ հարաբերությունների մեջ է ՀՖՖ-ի հետ: Մյուս թեկնածուն ՈւԵՖԱ-ի ներկայիս նախագահ Լենարտ Յոհանսոնն է, որը շուրջ 12 տարի ղեկավարում է եվրոպական ֆուտբոլը:
Ավելացնենք, որ կոնգրեսին Հայաստանից մասնակցելու են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, որոնք այս օրերին գտնվում էին Մոսկվայում, որտեղ ընթանում է «Համագործակցության գավաթի» խաղարկությունը: Մոսկովյան մրցաշարին ներկա են գտնվել նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը եւ Միշել Պլատինին, որոնք հանդիպել են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ֆուտբոլային ղեկավարների հետ: