Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է ՆԱԵՎ ՈՉ-ՈՔԻՆ

Սպորտ

Վեյկ ան Զեեի շախմատային գերմրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 4 տուր: Այսօր Երեւանի ժամանակով 16:30-ին կմեկնարկի 9-րդ տուրը, որի շրջանակում Լեւոն Արոնյանը կմրցի 6 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող Վեսելին Տոպալովի հետ: 3-րդ հորիզոնականում ընթացող Արոնյանը հանդես է գալու սպիտակներով եւ հաղթանակի դեպքում կհավասարվի առաջատարին:

Մասնագետների կարծիքով սա ոչ միայն այս տուրի, այլեւ ողջ մրցաշարի ամենակենտրոնական պարտիաներից մեկն է, որի արդյունքը կարող որոշիչ լինել մրցաշարային աղյուսակի ամփոփիչ տեսքի համար: Եթե հաջողության հասնի Տոպալովը, ապա գործնականում կապահովի առաջին տեղը, սակայն միջազգային բուքմեյքերները կարծում են, որ այս մրցավեճում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի Արոնյանը, որի հաղթանակի գործակից կազմել է 3.9:

Իսկ ահա Տոպալովի հաղթանակը գնահատվում է 4.5 գործակցով: Ամեն դեպքում այս մրցավեճում ամենահավանական ելքը համարվում է ոչ-ոքին որի համար սահմանվել է 1.55 գործակից: Ոչ-ոքին Արոնյանի համար նույնպես կարելի է լավ արդյունք համարել, քանի որ հաջորդ երեք տուրերում հայ շախմատիստը հանդիպելու է ավելի թույլ մրցակիցների հետ, իսկ ահա նրա հիմնական մրցակիցներին դեռ բավական ծանր պարտիաներ են սպասվում:

Օրինակ` Տոպալովը 12-րդ տուրում հանդիպելու է աշխարհի չեմպիոն Կրամնիկի հետ: Այս շախմատիստների միջեւ հարաբերությունները առավել քան լարված են` հոկտեմբերին Էլիստայում կայացած աշխարհի չեմպիոնի մրցամարտից հետո, որտեղ հաղթեց Կրամնիկը, սակայն Տոպալովը հրապարակավ մեղադրանքներ ներկայացրեց իր հակառակորդին: Մեղադրանքի էությունն այն էր, որ Կրամնիկը բավական հաճախակի է այցելում զուգարան` հուշումներ ստանալու համար: