Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բռնություններ, ուղղորդումներ, կեղծիքներ». դիտորդների գնահատականը խիստ է (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed4-4

Երևանի ավագանու ընտրությունների անցկացման որակն զգալիորեն ցածր է եղել խորհրդարանականի համեմատ։ Դիտորդական կազմակերպություններն արձանագրում են՝ընտրատեղամասերում ու դրանց շրջակայքում տիրել է բռնի մթնոլորտ, խոչընդոտվել է դիտորդների աշխատանքը։ «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանն ասում է.  «Օրինակ՝ 6/09, 8/19 տեղամասերում մեր դիտորդների նկատմամբ գործադրվել է բռնություն, մի շարք այլ տեղամասերում` 3/11, 3/19, 9/03, դիտորդների նկատմամբ  եղել են սպառնալիքներ»։ Ընտրատեղամասերում գործել են կեղծ դիտորդներ, որոնց գործը եղել է ոչ թե հանձնաժողովի աշխատանքին հետևելը, այլ քաղաքացիների քվեարկությունն ուղղորդելը։ Այդպիսի մի փաստ էլ 8/36 ընտրատեղամասում բացահայտվեց։ Ելք դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն էր բացահայտողը. «Էս կանայք իրավունք չունեն մասնակցելու որպես դիտորդ, որովհետև կազմակերպություններում իրենց անունները չկան։ Դուք եք պարզե՞լ այո, Էդ ե՞րբ կարողացաք պարզել, լավ եք արել պարզել եք, դա ձեր խնդիրն է, դուք մեր աշխատանքը խանգարում եք, կներեք իհարկե»։ Կեղծ դիտորդներն, ըստ ԵԼՔ դաշինքի վստահված անձ Տաթև Խաչատրյանի, ընտրակեղծարարությամբ են զբաղվել. «Երկու դիտորդները շատ դեպքերում ուղղորդել են մարդկանց, և դա արել են համակարգված և հանձնաժողովի անդամների, և վստահված անձանց հետ»։ Բացահայտված կեղծ դիտորդները շտապում են լքել 8/36 ընտրատեղամասը։ Այսպիսի դեպքերի ականատես են եղել նաև դիտորդական կազմակերպությունները։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ զանգվածային կերպով ճնշվել է ընտրողների ազատ կամքը։  «Երևանի ավագանու ընտրություններում ընտրողն ազատ չի եղել իր ընտրությունը կայացնելու համար ոչ միայն քվեախցիկում, այլ նաև քվեարկության գալու առումով»։ Բռնության են ենթարկվել նաև լրագրողները։ Ինչպես ընտրախախտումների մասին ահազանգերը, այնպես էլ բռնի մթոլորտը պատշաճ ուշադրության չի արժանանում իրավապահ մարմինների կողմից։ Համոզված է «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ծրագրերի համակարգող Տիգրան Եգորյանը. «Իրավունքի պաշտպանության համար պայքարող անձանց նկատմամբ պետական իշխանությունը չափազանց անհանդուրժող է և իրականացնում է հետապնդման քաղաքականություն»։ Դիտորդական կազմակերպությունները դժգոհ են ԿԸՀ-ի դրսևորած անգործությունից, որը բավարար կերպով չի արձագանքել ընտրակեղծիքների մասին փաստերին։ Օրինակ՝ թույլատրվել է կեղծ դիտորդներին մտնել ընտրատեղամասեր։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործիք։ Ինքը պետք է որոշումներն ընդունի կամ գործողություններ կատարի ելնելով ՀՀԿ-ի շահերից»։ Տիգրան Եգորյանը համամիտ է հնչած տեսակետի հետ. «Սա ամբողջական իշխանության յուրացում է՝ մեկ կուսակցության կողմից իշխանության բոլոր մակարդակներում»։ Ընտրությունների ընթացքը դիտորդական կազմակերպությունները վստահ են՝ գրանցված ընտրախախտումներն էականորեն ազդել են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքերի վրա։