«Ճտերն աշնանն են հաշվում». նոր ներկայացում՝ «Բոհեմ»-ում (տեսանյութ)
Այսօր դերասան, ռեժիսոր, «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանի ծննդյան օրն է: Իսկ Նարեկ Դուրյանը սիրում է իր ծննդյան օրը նշել նոր ներկայացումով:
Նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ նրա ղեկավարած կուրսի ավարտական տարին է, և սա նաև նրանց դիպլոմային աշխատանքը կլինի:
«Նպատակս երիտասարդներին բեմ բարձրացնելն էր, նրանց ներկայացնելը: Նրանց ուղղություն տվեցի: Ներկայացումը թող ձեր մասին լինի,- ասում է Նարեկ Դուրյանը։- Չեմ ուզում իմ մասին լինի:
Գրեցին: Բերեցին: Կարդացի: Հավանեցի, բայց և հասկացա, որ մի վախենալու բան կատարվեց, ասես մտել ենք մրցման մեջ ես՝ հիսունն անցս և քսան տարեկան ջահելները: Ասացի նրանց՝ դուք չպիտի ինձ պարտվեք: Հիմա համոզված եմ, որ չեն պարտվի»:
«Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացման հիմքում դասախոսի և նրա ուսանողների փոխհարաբերություններն են՝ հայրեր-որդիներ հավերժական թեման:
Իրականություն, որ դառնում է ներկայացում, ներկայացում, որ միահյուսվում է իրականությանը: Եվ որ ամենակարևորն է՝ խոսել բարձր արժեքների մասին,մաքսիմալ անկեղծ ու առանց ավելորդ պաթոսի:
Նոր ձևաչափ: Մասշտաբային ներկայացում՝ 25 դերասան մի բեմում:
Այսօր ներկայացման փակ դիտումն է:
Պրեմիերան կկայանա մայիսի 3-ին և 9-ին: