Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունն է

Քաղաքականություն
sd

Սահմանադրական դատարանն այսօր սկսեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը, որով դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները, ինչպես նաև` ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու մասին որոշումը հակասահմանադրական ճանաչել։ Բանավոր քննության զեկուցողը ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանն է, իբրեւ պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն` ի դեմս նախագահ Տիգրան Մուկուչյանի, քարտուղար Արմեն Սմբատյանի, ՀՀ ոստիկանությունը` ի դեմս Հովհաննես Քոչարյանի, ՀՀ Գլխավոր դատախազությունն` ի դեմս Հայկ Ասլանյանի, Կարեն Բիշարյանի, Վաղարշակ Մկրտչյանի։ Դիմումը ՍԴ ներկայացնում են ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը, փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Տիգրան Եգորյանը։ Երբ Լեւոն Զուրաբյանը սկսեց իր խոսքը, քիչ անց նրան ընդհատեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` ասելով. «Սա ԱԺ նիստ չէ, սա ելույթների ժամը չէ, որ քաղաքական հայտարարություն անեք, ՍԴ-ին գնահատական տաք։ Խոսեք ձեր դիմումի մասին ու փորձեք հիմնավորել ու ապացուցել, որ ԿԸՀ-ն այլ որոշում պետք է կայացնի։ Ես այլեւս չեմ ընդհատի, բայց ասածս նկատի ունեցեք»: Ի պատասխան Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այն, ինչ ասում է, հենց դիմումի քննությանն է վերաբերում. «Խնդիրը լայն է ու համակարգային բնույթ է կրում։ Իմ խոսքը գործի էության մասին է, ու այն, ինչ ասում եմ, հաստատվում են փաստերով։ Մեր երկրում խորը անվստահություն կա ընտրական մեխանիզմների նկատմամբ` հաշվի առնելով նախորդ ընտրություններին կատարվածը եւ այն, որ իրավական գնահատականներ չեն տրվել։ Այն, ինչ տեղի ունեցավ 2017թ. ԱԺ ընտրություններին, պետականորեն կազմակերպված համատարած ընտրակեղծարարություն էր։ Օգտագործելով վարչական ռեսուրսը, կրիմինալը, ոստիկանությունը` ապօրինի ազդեցություն եղավ ընտրողների կամքի վրա։ Բաժանվել է ընտրակաշառք` 10 հազար դրամ, թեեւ որոշ տեղերում​ այլ չափ է եղել»: Նա նշեց, որ այն ընտրատեղամասերում, որտեղ եղել են տեսախցիկներ, ապա ՀՀԿ-ն հավաքել է 48,8 տոկոս, իսկ որտեղ չեն եղել, ապա` 57, 36 տոկոս. «Այսինքն` բոնուսը կազմել է մոտ 9 տոկոս»: Անդրադառնալով դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների` ՀՀԿ օգտին ցուցակագրումների ձայնագրություններին` նշեց, որ այդ քարոզը տնօրենները կարող էին անել իրենց​ բարեկամների, հարեւանների, բայց ոչ երբեք՝ իրենց սաների ծնողների շրջանում. «Ինչու են ԱՄՆ-ում արգելված դասախոսի​ եւ ուսանողի միջեւ սեռական հարաբերությունները, քանի որ այդպիսով կխաթարվի տվյալ կրթօջախի հեղինակությունն ու հարցականի տակ կդրվի տվյալ դասախոսի անաչառությունը»: Ինչ վերաբերում է ՀՀԿ տարածքային ցուցակով ընտրված Արտակ Սարգսյանի շտաբի աղմկահարույց ձայնագրությանը, ապա Լեւոն Զուրաբյանը նշեց, որ 5-րդ գումարման ԱԺ-ում այս պատգամավորը պահպանել է լռության ուխտ ու ոչ մի բառ չի ասել. «Ու այսքանից հետո զարմանալի է, որ նա հավաքում է այդքան ձայն։ Նրանից բացի, կան էլի լռության չեմպիոններ` Արայիկ Գրիգորյան, Սամվել Ալեքսանյան եւ այլն»: Լեւոն Զուրաբյանը ՍԴ-ին միջնորդեց ստեղծել հատուկ հանձնախումբ` ստուգելու 1500 ընտրատեղամասի տեսախցիկների ձայնագրությունները, որոնցից յուրաքանչյուրը 30 ժամանոց է: