Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխությունները Թուրքիայում ՀՀ-ի վրա չեն ազդի (տեսանյութ)

Քաղաքականություն
safr

Թուրքիայի համեմատաբար զարգացած շրջանները դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին, կողմ են եղել հիմնականում հետամնաց շրջանները։ Սա վկայում է այն մասին, որ վերափոխումները Թուրքիայի ժողովրդին հարազատ չեն. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Թուրքագետի կանխատեսմամբ՝ հետագա երկու տարիները բավական լարված կլինեն Թուրքիայի համար, քանի որ բազմաթիվ օրենքներ պետք է փոփոխվեն եւ համապատասխանեցվեն նոր սահմանադրությանը։ Այսինքն, սպասվում է լարված պայքար Թուրքիայի ներսում։ Նրա դիտարկմամբ՝ քաղաքական խոշոր կուսակցություններից ազգայնական կուսակցությունը պաշտպանել է էրդողանին։ «Էրդողանը հենվում  է պանթյուրքիստական ծայրահեղական ուժերի վրա։ Թեեւ Թուրքիան գնում է ավտորիտար կառավարման ճանապարհով, սակայն սա դեռ սուլթանատ չէ, քանի որ որոշակի բալանս, գոնե ձեւականորեն, պահպանվում է։ Խորհրդարանը շարունակելու է պահպանել նախագահին իմպիչմենտ հայտարարելու իրավունքը։ Նախագահը պետք է որոշակի սահմանափակումների մեջ լինի։ Այստեղ կարեւոր է Էրդողանի անձը, եթե Էրդողանը չլիներ, նրա փոխարեն լիներ որեւէ այլ անձ, ապա այս փոփոխությունները շատ ավելի ընդունելի կլինեին արեւմուտքի, Եվրոպայի համար։ Պարզապես իմանալով Էրդողանին, նրա բնավորությունը, պոռթկումները, բոլորը վախենում են, որ Թուրքիան կարող է դառնալ ավելի կանխատեսելի»։ Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների վրա սահմանադրական փոփոխությունների ազդեցությանը՝ թուրքագետը նշեց, որ իմաստ չունի փոփոխությունների սպասել։ «Թուրքիան կշարունակի իր քաղաքականությունը՝ Թույլ չտալ Մերձավոր Արեւելքում Քրդական պետության առաջանալը։ Սա լինելու է Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքային կետը։ Թուրքիայի քաղաքական վերնախավը ունի քիչ թե շատ ընդհանուր մոտեցում Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Հայաստանը աշխարհաքաղաքական, տնտեսական առումով առաջնային նշանակություն չունի Թուրքիայի համար, եւ կարելի է թողնել հարաբերությունները նույն՝ գոյություն չունեցող մակարդակի վրա»։