Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ԱԺ-ն կարող է աշխատել մինչև կեսգիշեր (տեսանյութ)

Քաղաքականություն
gagik-minasyan

6-րդ գումարման ԱԺ մեկնարկով ուժի մեջ կմտնեն նաեւ ԱԺ Կանոնակարգ օրենքի նոր փոփոխությունները, որոնք էականորեն կփոխեն խորհրդարանի, պատգամավորների աշխատանքները՝ մեծացնելով լիազորությունները: ՀՀԿ պատգամավոր, կուսակցության խորհրդի անդամ Գագիկ Մինասյանն «Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով Կանոնակարգ օրենքի փոփոխություններին, նշեց առաջնայինը՝ ընդդիմության համար նոր, մեծ հնարավորությունները. «Անկախ ընդդիմության թվից՝ ԱԺ փոխնախագահներից մեկը կլինի ընդդիմության ներկայացուցիչներից մեկը: Ընդդիմությունը հնարավորություն կունենա իր քննիչ հանձնաժողովների միջոցով քննարկման առարկա դարձնել իրեն ու հասարակությանը հուզող բազմաթիվ հարցեր, որը նախորդ ԱԺ-ն չի ունեցել: Էլի կան հնարավորություններ, որոնք եթե մեր ընդդիմությունը կարողանա լիարժեքորեն օգտագործել, ապա մենք կունենանք դինամիկ զարգացող մի ԱԺ, որը կկարողանա իրականացնել իրեն վերապահված առաքելությունները, քանի որ 2018թ. հետո միակ առաջնային մանդատ ունեցող մարմինը դառնալու է ԱԺ-ն, նա է իրականացնելու բազմաթիվ մարմիններում նշանակումներ, ԱԺ-ն է դառնալու միակ քաղաքական հարթակը, որտեղ որոշումները կկայացվեն իշխանության եւ ընդդիմության համատեղ քննարկումների արդյունքում»:  Նրա խոսքով՝ նոր Կանոնակարգը բավականին աշխատատար ռեժիմ է սահմանում պատգամավորների համար. «Եթե գործող Կանոնակարգով քառօրյա նիստերը երեքն էին, ապա նոր Կանոնակարգով կլինի չորսը: Եթե հին Կանոնակարգով մեր օրակարգերը ունենում էին հարյուրից ավելի հարցեր, ապա այդպիսի բան չի լինելու՝ բոլոր հարցերը, որոնք ներառվելու են քառօրյա նիստերի օրակարգում, դրանք սպառվելու են տվյալ քառօրյա նիստերի ժամանակ: Դա նշանակում է՝ եթե մենք չորսօրյա ժամկետում չենք կարողանում սպառել օրակարգը, ապա լրացուցիչ նիստեր ենք ունենալու քառօրյա նիստերի ընթացքում, բացի այդ՝ մինչեւ երեք օր լրացուցիչ նիստեր՝ օրական 3-4 նիստ իրականացնելով:Ահրաժեշտության պարագայում կստեղծվեն նաեւ քննիչ հանձնաժողովներ, որոնք իրենց աշխատանքները կներկայացնեն ԱԺ լիագումար նիստին: Սակայն քննիչ հանձնաժողովները միակ գործիքները չեն, որ ԱԺ-ն իր զինանոցում ունենալու է՝ որպես նոր գործիքակազմ, այլ ԱԺ-ն նոր Սահմանադրության համաձայն իրականացնելու է վերահսկողություն, որը կլինի մշտական հանձնաժողովների միջոցով»: Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իրենց առաջիկա աշխատանքի ընթացքում կհստակեցնեն, թե մշտական հանձնաժողովներն ինչպիսի գործիքակազմով են օժտված լինելու: Դրանցից մեկը եւ ամենակարեւորը, ըստ նրա, հետօրենսդրական վերահսկողությունն է. «Քանի որ ԱԺ-ն ստեղծում է օրենքներ, սակայն հետո մշտադիտարկում չի անում: Եթե հետհայացք նետենք, կտեսնենք, որ օրենսդրական փոփոխությունների նախագծերի ծավալը հիմնականում Գործադիր մարմնից է գալիս, իսկ նոր Կանոնակարգով ու Սահմանադրությամբ այդպես չի լինելու: Եթե մշտական հանձնաժողովներն իրականացնեն վերահսկողություն գործող օրենքների կիրառումը, ապա հենց իրենք՝ հանձնաժողովները, կբերեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կհանգեցնեն ԱԺ գործառույթների ու լիազորությունների էական բարձրացման»: Ի դեպ, նոր ԱԺ-ն ի տարբերություն նախորդի, նոր Սահմանադրությամբ կունենա 131-ի փոխարեն 105 պատգամավոր, որի արդյունքում թափուր մնացած 26 աթոռները չեն զբաղեցվի դահլիճի վերեւի՝ ԱԺ նախագահությունից համեմատաբար հեռու գտնվող շարքերում: