Հուլիսյան դեպքերը՝ Freedom House-ի զեկույցում
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ» ամենամյա զեկույցը, ըստ որի 2016թ.-ին Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգով պետություն է և արձանագրել է ժողովրդավարական հետընթաց: Մասնավորապես, ՀՀ ժողովրդավարության ցուցանիշը 5.36-ից դարձել է 5.39՝ 7 բալանոց համակարգում, որտեղ 1-ն ամենադրական ցուցանիշն է, իսկ 7-ը ամենաբացասականը: Ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշը ձևավորվում է մի քանի ենթացուցանիշներից, որոնք առանձին-առանձին գնահատում են ազգային ժողովրդավարական կառավարումը, ընտրական գործընթացները, քաղաքացիական հասարակությունը, լրատվական դաշտի անկախությունը, տեղական ժողովրդավարական կառավարումը, դատական համակարգի անկախությունն ու կոռուպցիայի աստիճանը: Հայաստանի առանձին ցուցանիշները հետևյալն են՝ ազգային ժողովրդավարական կառավարում՝ 6, ընտրական գործընթաց՝ 6 միավոր, քաղաքացիական հասարակություն՝ 3.75, անկախ մամուլ՝ 5.50, տեղական ժողովրդավարական կառավարում՝ 5.75, դատական համակարգի անկախություն՝ 5.50, կոռուպցիա՝ 5.25, դեմոկրատական միջինացված գնահատական՝ 5.39: Ուշագրավ է, որ ազգային ժողովդրավարական ցուցանիշը նախորդ տարվա համեմատ անկում է ապրել՝ 5.75-ից դառնալով 6.00, քանի որ ՀՀ իշխանությունները անցյալ տարի անկարող են գտնվել ցույցերը առանց անհիմն բռնության ցրելու: Freedom House-ի զեկույցը, մասնավորապես, նշում է ՊՊԾ գնդի գրավման ցույցերի ընթացքում հուլիսի 28-ին բռնությամբ ցույցերը ցրելը: Ընդ որում, ըստ Freedom House-ի 2008-ից այս կողմ ազգային ժողովդրավարական կառավարության ցուցանիշը Հայաստանում կայուն անկում է ապրում՝ 5.25-ից հասնելով 6.00-ի: Հուլիսին ոստիկանության կողմից արցունքաբեր գազի և խլացուցիչ նռնակների կիրառման արդյունքում ցուցարարների շարքերում բազմաթիվ տուժածների մասին հիշատակվում է նաև զեկույցի այն հատվածում, որը վերաբերում է դատական համակարգի անկախությանը: Թեև այս հարցում Հայաստանի ցուցանիշն անցյալ տարվա համեմատ նույնն է, սակայն զեկույցը հստակ նշում է, որ Հայաստանի դատական համակարգը չունի գործադիր իշխանությունից անկախություն և ինքնավարություն: Ընտրական գործընթացների ՀՀ ցուցանիշը ևս հետընթաց է գրանցել՝ նախկին 5.75 դառնալով 6.00: Պատճառը 2015թ.-ի վերջում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և 2016թ.-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում լուրջ թերացումներն են: Նախորդ անգամ նման հետընթաց Հայաստանը ապրել էր 2008-ի նախագահական ընտրություններից հետո: Միակ ոլորտը, որտեղ Հայաստանն առաջընթաց է գրանցել լրատվամիջոցների անկախությունն է, այն էլ շնորհիվ աճող պրոֆեսիոնալիզմի, բազմակարծության և օնլայն լրատվամիջոցների հասանելիության, որոնք մարտահրավեր են նետում հեռուստատեսությանը՝ որպես լրատվության միակ աղբյուրի: Փաստորեն, ըստ այս զեկույցի՝ Հայաստանում միակ ոլորտը որտեղ դրական առաջընթաց է գրանցվել դա լրատվամիջոցներն են շնորհիվ առցանց լրատվության, որը բարդ է կառավարել, և մարդկային ռեսուրսի, այն է՝ ԶԼՄ աշխատակիցների մասնագիտական հմտությունների բարձրացման, մինչդեռ մյուս բոլոր ոլորտները, որոնք պետական մարմինների վերահսկողության ներքո են ամեն ինչ կամ ստաբիլ վատ է, կամ հետընթաց է գրանցվում: Իսկ միակ ոլորտը, որը համեմատաբար բարվոք վիճակում է, դա քաղաքացիական հասարակությունն է, որը իր ցուցանիշով անհամեմատ ավելի լավ վիճակում է, քան պետության մյուս ճյուղերը: Աննա Փամբուխչյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»