Կարգավորումներ՝ ռազմական իրավիճակի դեպքում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Օրակարգային այլ հարցերի թվում` ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Աղետների ռիսկի կառավարման (ԱՌՆ) ազգային ռազմավարությանը և դրա իրականացման գործողությունների ծրագրին: Ըստ այդմ՝ սահմանվել են աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության գերակա ուղղությունները և թիրախները: Ազգային ռազմավարությունը համապատասխանեցվել է Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին, ներկայացվել են ոլորտի զարգացման միտումները, որոնք հնարավորություն են ընձեռում ավելի մեծ ուշադրություն դարձնել աղետների ռիսկի առաջացման արմատական պատճառներին` ինչպիսիք են աղքատությունը, կլիմայի փոփոխությունը, չպլանավորված, արագ ուրբանիզացիան և այլն: Արդյունքում ակնկալվում է Հայաստանը դարձնել աղետներին դիմակայուն երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար: ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կազմակերպման գործընթացները կարգավորելու նպատակով կառավարությունը նույնպես ընդունել է համապատասխան որոշում: