Զիջումով ապագա չեն ապահովում. Դավիթ Գասպարյան (տեսանյութ)
Ընտրություններից հետո պետք է սկսենք նոր էջից: Լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը` ավելացնելով. «Մենք պետք է հիշեցնենք քաղաքական ուժերի խոստումները և պահանջենք, որ նրանք կատարեն նախապես խոստացածը: Եթե այդպես լինի, դրական քայլ կկատարենք, եթե ոչ՝ նորից կսկսվեն բողոքներն ու դժգոհությունները: Բացի այդ, պետք է անել ամեն ինչ՝ կասեցնելու այս խայտառակ արտագաղթը: Մենք խեղդվում ենք, մեզ թթվվածին է պետք»: Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու հարցազրույցներին՝ նա նշեց՝ Տեր-Պետրոսյանն իրականությանը նայում է 1988 թվականի դիրքերից. «Նրա ասածներն այն ժամանակ էին լավ հնչում: Զիջումնային, պարտվողական քաղաքականությունը գիտենք, թե ուր է տանում: Զիջումը, այն էլ այդպես աղետալի, սարսափելի է: Զիջումով ապագա չեն ապահովում, զիջումը զիջում է պահանջելու: Բոլորս էլ գիտենք, որ խաղաղությունը դժվար է տրվում, բայց ես կարծում եմ՝ զիջում չպետք է լինի»: Բանախոսներից երգահան Վահան Արծրունին տարօրինակ է համարում, որ շատ ընտրողներ հանգիստ խղճով ընտրակաշառք վերցնելուց հետո քվեարկում նույն այն քաղաքական ուժի օգտին, որից վերցրել են կաշառքը. «Այս մարդիկ իրենց բարոյականության կայացումը տեսնում են անբարոյականության՝ ձայնի դիմաց փող վերցնելու մեջ: Բայց այդ զանգվածն իրեն մեղավոր չի զգում, ամոթ չի ապրում»: Ըստ նրա` ընդդիմադիր ուժերը ընտրությունների արդյունքները չբողոքարկեցին, քանի որ հաշտվեցին դրանց հետ. «Քաղաքականությունը մեծ հաշվով գործարք է: Ինչ վերաբերում է հաց բերողի մահվանը, ապա հանուն հայրենիքի նրա մարտիրոսությունն այն բարձրությունն է, որից պետք է դատենք ինքներս մեզ և այն մարդկանց, ովքեր փչացնում են մեր ու մեր երեխաների կյանքը»: «Ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, ընտրություններից հետո որևէ բան այդպես էլ չփոխվեց»,- կարծում է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` ավելացնելով.«Քվեարկությունը դեռ ընտրություն չէ: Ընտրությունն արժեքայի համակարգի ձևաչափ է: Դատելով նրանից, թե ինչ է կատարվում հասարակության մեջ, կտեսնենք, որ լյումպենիզացիայի վիճակներն ավելի են խորանում, կտեսնենք, որ ամեն ինչ վաճառվում է: Հասարակ ընտրողն էլ հասկանում է, որ ընտրությունները ևս վաճառվում են: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ և իշխանությունը, և ընդդիմությունը հույսերը դնում են այդ լյումպենի վրա, սակայն մոռանում են, որ լյումպենացված զանգվածի ներկայացուցիչներն առաջինն են քարը վերցնում ու խփում իրեն փող բաժանողի գլխին: Լյումպենը կամ կաշառք տվողի ձեռքն է լիզում, կամ տալիս, կոտրում այն»: Նրա համար անհասկանալի է, որ հայ ժողովուրդն իր բարոյական խնդիրների լուծումը վստահում է ուրիշներին, այս դեպքում՝ արտասահմանցի դիտորդներին: