Կառավարությունը քննարկել է բնակարանների տրամադրման հարցեր
Այսօր կառավարության նիստը սկսվեց 15 րոպե ուշ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշացման պատճառով: Նիստը սովորության համաձայն նա սկսեց հանձնարարականներով: Առաջինը վերաբերում էր սնանկության գործերով կառավարիչների գործունեության բարելավմանը. «Սնանկ ճանաչված ընկերությունների աշխատակիցները դիմում են մեզ, իրենց բողոքները կապված են հիմնականում աշխատավարձերի վճարման հետ։ Այս ամենը կապված է գործնականում թույլ տված սխալների ու օրենսդրական բացերի հետ: Այսօր կառավարությունը չունի բավարար գործիքակազմ՝ այս հարցը լուծելու համար»,- նշեց Կարեն Կարապետյանը ու Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց երեքամսյա ժամկետում խնդիրների լուծման եւ արդյունավետության բարձրացման մասին առաջարկներ ներկայացնել կառավարությանը. «Ես ուզում եմ, որ մինչեւ սնանկանալը մենք իմանանք դրա մասին ու չթողնենք հարցը հասի սրան»: Մյուս հանձնարարականը բնակարանների տրամադրմանն էր վերաբերում։ Վարչապետը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց ուսումնասիրել ու ներկայացնել հատկապես մարզերում անավարտ շենքերի ավարտման հստակ ժամկետները եւ բազմազավակ ու երիտասարդ ընտանիքներին դրանք տրամադրելու առաջարկներ։ Կարեն Կարապետյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի տարածքում չգազաֆիկացված բնակավայրերին: Ըստ նրա` բազմիցս նշվել է, որ Հայաստանում գազաֆիկացման մակարդակը 94-96% է, ինչն աննախադեպ բարձր է, քան կամայական այլ երկրում, որը չունի ներքին էներգառեսուրսներ, բայց նաեւ հավելեց, որ միաժամանակ չգազաֆիկացված բնակավայրերում առկա են ջեռուցման և այլ կենցաղային խնդիրներ: Մարզպետներին Կարեն Կարապետյանը հանձնարարեց համապատասխան համայնքների ղեկավարների հետ միասին մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել գազաֆիկացման խնդիրը լուծող բոլոր տարածքների հետ կապված ամփոփ տեղեկատվություն: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին հանձնարարեց Գազպրոմ Արմենիայի հետ հաշվարկել համապատասխան վայրերում գազաֆիկացման ծախսերը. «Պետք է քննարկել նաեւ արեւային մարտկոցների եւ այլ ուղիներով ջեռուցման հնարավորությունները և ներկայացնել թե՛ մատակարարողի, թե՛ սպառողի համար առավել փոխշահավետ լուծման տարբերակներ»: Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարը վարչապետին զեկուցել է միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների ներկա վիճակի մասին: Ըստ այդ տեղեկատվության՝ ճանապարհներին առկա են անվտանգությանը խոչընդոտող կառույցներ եւ անօրինական ճանապարհային նշաններ: Կարեն Կարապետյանը նախարարին հանձնարարեց ուսումնասիրել բոլոր ճանապարհների փաստացի վիճակը եւ կառավարություն ներկայացնել ճանապարհների վերականգնման վերաբերյալ առաջարկություն: Մարզպետներին հանձնարարեց ներկայացնել առաջարկություն, ճանապարհների վերականգնման առաջնահերթությունների մասին, իսկ Տարածքային կառավարման նախարարին հանձնարարվեց ստուգել ճանապարհների առկա շինությունների օրինականությունը: Ըստ վարչապետի հանձնարարականի՝ ոստիկանության պետն էլ պետք է ստուգի եւ մեկամսյա ժամկետում ուսումնասիրի միջպետական եւ հանրապետական ճանապարհներին տեղադրված նշանների օրինականությունը եւ հնարավոր բոլոր խնդիրները վերացնելու վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ: