ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ միասին եղել են Բաքվում (մարտի 11-ին), Երեւանում (մարտի 27-ին) եւ Լեռնային Ղարաբաղում (մարտի 28-ին): Տարածաշրջանային այցի հիմնական նպատակն էր ստանալ առավել մանրամասն տեղեկություն շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող քաղաքական եւ ռազմական իրավիճակի մասին, քննարկել 2016թ-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը եւ անդրադառնալ կարգավորման հաջորդ քայլերին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին եւ արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին: Նրանք նաեւ այցելել են Լեռնային Ղարաբաղում մի շարք տարածքներ: Իրենց հանդիպումներում համանախագահները վերահաստատել են իրենց խորը մտահոգությունը շփման գծում վերջին միջադեպերի առնչությամբ, կոչ անելով կողմերին` զսպվածություն ցուցաբերել իրենց հռետորության եւ իրենց գործողությունների մեջ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները արտահայտել են իրենց դիրքորոշումը համանախագահների առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը եւ իրավիճակի հետագա սրացումից խուսափելուն, մասնավորապես Զատկի ու Նովրուզի տոների ժամանակ: Նրանք հայտնել են իրենց հանձնառությունը շարունակելու բանակցային գործընթացը հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար: Համանախագահները նաեւ ընդգծել են շարունակական աջակցության կարեւորությունը դեսպան Անջեյ Կասպշիկի խմբի ընդլայնման հարցում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են իրենց համոզմունքը առ այն, որ հարգանքը հրադադարի ռեժիմի հանդեպ չափազանց կարեւոր է վստահության մթնոլորտի ձեւավորման եւ հետագա բանակցությունների համար: Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա՝ ներկայացնելու Մինսկի խմբի անդամներին հանդիպումների արդյունքները: