Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը Բաղրամյան 26-ում
Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յան Ալեքսանդր Հիլը (նստավայրը՝ Մոսկվա): Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Նոր Զելանդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ հատկապես արդի տեխնոլոգիական պայմաններում արդյունավետ համագործակցության առկա ներուժը շատ ավելին է, քան երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը: Սերժ Սարգսյանը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Նոր Զելանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը պարտավորեցնում է վերարժևորել հարաբերությունները և երկուստեք ջանքեր գործադրել դրանք որակական նոր մակարդակ տեղափոխելու համար: Դեսպան Յան Ալեքսանդր Հիլը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և նշել, որ կանի ամեն հնարավորը նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում հայ-զելանդական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարին: