«Հավ ու ձու գողացողին՝ մեծ պատիժ, հանցագործներին՝ պաշտոններ» (տեսանյութ)
Մենք իրավունք չունենք Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու. «Անկախ նրանից, թե ով է ձեր ռեյտինգային թեկնածուն, եթե նա ՀՀԿ-ից է, պետք է նրան ձայն չտանք։ Իմացեք, որ այդ ձայնը գնալու է Սերժ Սարգսյանին»,- Կապանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանրահավաքում ասում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Եթե ՕՐՕ դաշինքը գա իշխանության, համաներում է լինելու. «Հավ ու ձու գողացողներին մեծ պատիժներ են տալիս, հանցագործներին՝ պաշտոններ»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը։ Համակարգային կոռուպցիան հաղթահարելը դաշինքի առաջնահերթ խնդիրներից է լինելու. «Մաքսակետերից ենք սկսելու, ամենամեծ կոռուպցիան մշտապես այնտեղ է լինում»։ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ կառավարման համակարգը ենթակա է անմիջապես փոփոխության. «Սահմանադրության փոփոխությունից ենք սկսելու, եւ առաջին անգամ դա սահմանադիր ժողովի կողմից է լինելու»։ Հայաստանը կարեւորագույն խնդիր ունի նաեւ արտաքին քաղաքական ասպարեզում։ Կապանցիների հետ հանդիպմանը ներկայացավ նաեւ Վարդան Օսկանյանը, հայտարարելով՝ ապրիլի 2-ին քաղաքացիներն ունեն իրական այլընտրանք իշխանությանը. «Ընդդիմադիր դաշտում ներկապնակ է գոյացել, որտեղ հանդես ենք գալիս մենք։ Ես ձեզ հորդորում եմ ձայն տալ մեզ։ Այստեղ մարդիկ են, ովքեր գիտեն՝ ինչպես իրավիճակը փոխել»։ Հայաստանը մեծ խնդիր ունի արտաքին քաղաքական ասպարեզում։ Վարդան Օսկանյանը հիմնավորում է իր տեսակետը. «Այս վերջին տարիների ընթացքում սուվերենության նվազում է եղել՝ անտեղի անդամակցության եւ քվեարկությունների միջոցով։ Միջազգային հանրության մոտ կարծիք է առաջացել, որ Հայաստանի որոշումները այլ մայրաքաղաքում են կայացվում»։ ՕՐՕ դաշինքի առաջնորդը խոսում է նաեւ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումներին տարբեր երկրների ղեկավարների հետ. «Սերժ Սարգսյանի վերջին այցերը տարբեր մայրաքաղաքներ ոչ թե խնդիրներ լուծելու համար են եղել, այլեւ ժողովրդին ցույց տալու, թե ինքը ունի ուժային կենտրոնների աջակցությունը՝ իշխանության մնալու հարցում»։ Անցնելով քառօրյա պատերազմը, հետ ենք վերադարձել հայրենիք՝ նաև այստեղ պայքարելու համար։ ՕՐՕ դաշինքի կապանյան հանրահավաքում քաղաքացիներին դիմեց Քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը․ «Մենք ուզում ենք մեր երկրում եղած ուժն օգտագործել՝ երկիրը զարգացնելու համար։ Մենք պայքարում ենք մեր տատիկների ու պապիկների իրավունքների պաշտպանության համար»։ Նա իր մարտական ընկերներին կոչ արեց միանալ իրենց քաղաքական ուժին։