Արտաքին շահ ղարաբաղյան հակամարտության մեջ այս պահին չկա. Ֆյոդոր Լուկյանով (տեսանյութ)
Ղարաբաղյան հակամարտության սրացումն այսօր արտաքին ուժերից բացարձակ ոչ մեկին պետք չէ։ Նման կարծիք այսօր հայտնեց «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի գիտական տնօրեն, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը: «Հայաստանում շատ են խոսում հնարավոր սրացման մասին հատկապես ապրիլյան դեպքերից հետո։ Սակայն տարբեր պատճառներով ղարաբաղյան հակամարտության սրացումը արտաքին ուժերից բացարձակ ոչ մեկին այսօր պետք չէ, ինչը շատ հարաբերական, բայց դրական է»,- նշեց նա։ Քաղաքագետի կարծիքով, կոնֆլիկտի հնարավոր սրացումը ծայրահեղ վնասաբեր է, անպետքական և խանգարող Ռուսաստանի համար։ Նրա շահերից է բխում Հարավային Կովկասում հավասարակշության պահպանումը։ «Այս պահին փխրուն, բայց, համենայնդեպս, խաղաղ ստատուս -քվոյի պահպանումից բացի, այլ լուծում ես չեմ տեսնում»,- շեշտեց Ֆ. Լուկյանովը։ Նրա կարծիքով, ԱՄՆ-ը այլ խնդիրներով է զբաղված, Եվրոպան որպես գործոն հեռացվել է, Թուրքիայի դիրքորոշման բարոյականությունը բոլորին հայտնի է, բայց նա նույնպես այժմ այլ, իր համար ավելի կարևոր խնդիրներով է զբաղված։ «Այդ առումով բացի այս կամ այն պետության ներքին տրամաբանությունից, արտաքին խթանիչ այս պահին չկա։ Իրարանցումը լինում է, երբ ներքին իներցիաները համապատասխանում են արտաքին շահերին, իսկ արտաքին շահ ղարաբաղյան հակամարտության մեջ այս պահին չկա»,- ամփոփեց քաղաքական վերլուծաբանը։