Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղբանտարկյալների թվով կարող ենք երեւի մրցել Ադրբեջանի հետ»

Քաղաքականություն
oro-7

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն այսօր իր քարոզարշավը անցկացրեց Երեւանում` Ավան վարչական շրջանում։  Դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում խոսեց արտագաղթից, պետական պարտքից. «ՀՆԱ-ի 60 տոկոսն անցնում է պետական պարտքը։ Քաղբանտարկյալների թվով էլ մեծ ցուցակագրումներ ունենք ու այդ թվով կարող ենք երեւի մրցել Ադրբեջանի հետ։ Այն փայ մտնոցին, որ եղավ այս տարիների ընթացքում բիզնեսի մեջ, պակասեցրին մեր երկիր եկող ներդրումները։ Այս ամենը բերեց երկրի թուլացմանը։ Սերժ Սարգսյանն ու իր թիմը իրենց բոլոր հռչակած կարգախոսների հակառակն են արել։ Հիմա ասում են` «Անվտանգ Հայաստան», իսկ դա նշանակում է, որ վտանգավոր վիճակում ենք լինելու։ Մենք պետք է փոխենք իրերի այս վիճակը։ Չկա այլ ճանապարհ, հակառակ դեպքում արտագաղթի ու աղքատության ցուցանիշները ավելի են աճելու»: Այնուհետև Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի կենսագրությունները։ Վերջինիս դեպքում նա նշեց, որ միշտ քննադատել է, սակայն հիմա այլ կերպ է նայում իրադարձություններին։ Վարդան Օսկանյանն իր ելույթում նշեց, որ Ավանն իսկապես այս ընտրություններին իշխանություններին ունի իսկական այլընտրանք։  Իսկ Սեյրան Օհանյանը մի հայտարարությամբ հանդես եկավ. «Կոչ եմ անում` ապրիլյան պատերազմի հերոսների ծնողներին ու բարեկամներին` զերծ մնալ որեւէ ուժի քարոզարշավի մասնակցությունից, կոչ եմ անում սա բոլոր կուսակցություններին, հատկապես իշխող կուսակցությանը։ Ոչ մի քվե չարժե նման քայլ կատարելուն։ Ես սա ասում եմ որպես մարդ, որը սպա է, կռվել է արցախյան պատերազմում, որի որդիները եւս ծառայում են հանուն հայրենիքի։ Քարոզարշավը պետք է տանել քաղաքակիրթ ձեւով ու նաեւ չներքաշել ապրիլյան պատերազմի մասնակիցների հարազատներին, մեր ժողովրդի մի մասին մյուսի դեմ չհանել»:  Նա նաեւ նշեց` իրենք եկել են իրենց դաշինքով իշխանությունը ժողովրդին տալու, ծրագրային վերանայումներ անելու. «Մենք այստեղ ենք, որ ձեզ հետ միասին իշխանությունը վերցնենք ու միասին ձեւավորենք»:  Պատասխանատվությունը կտրուկ ու կոշտ բարեփոխումներ իրականացնելու համար։ Մենք պատրաստ ենք իրական քայլերով ջախջախել հուսահատության մթնոլորտը։ 25 տարի ծառայել եմ իմ երկրին, իմ գործունեությունը եղել է մարդակենտրոն ու կարծում եմ` վատ չեմ ծառայել, թեեւ ունեցել եմ իմ սխալները։ Մենք շարունակելու ենք ծառայել մեր երկրին»: