ՔԿՀ. Մերժվել են դիտորդական խմբի անօրինական պահանջները
2017թ. մարտի 10-ին ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի կողմից համացանցում հրապարակվել է «ՔԿՀ-ներում դիտորդներին արգելում են հանդիպել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով կալանավորված անձանց» վերտառությամբ հերթական հոդվածը, որում` իբրև նորություն, ներկայացվել են մի շարք դեպքեր, երբ «խախտվել» են վերջիններիս` օրենսդրությամբ ամրագրված իրավունքները: Հրապարակմամբ ներկայացված դեպքերից յուրաքանչյուրի կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը հանդես է եկել պատշաճ պարզաբանումներով՝ անառարկելիորեն հիմնավորելով, որ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը հիշատակված բոլոր դեպքերում գործել են իրավաչափ՝ ղեկավարվելով բացառապես քրեակատարողական օրենսդրության պահանջներով: Խոսքը վերաբերում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությամբ նախատեսված կարգով վարույթն իրականացնող մարմինների որոշմամբ որոշակի խումբ կալանավորված անձանց տեսակցությունները օրինական ներկայացուցիչների, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ արգելելու դեպքերին, երբ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի կողմից մերժվել են հիշյալ անձանց հետ տեսակցություն տրամադրելու` դիտորդական խմբի անօրինական պահանջները, որոնց օրինականությունն ի դեպ վերջիններիս կողմից օրենքով սահմանված վերադասության կամ դատական կարգով մինչ օրս չեն բողոքարկվել: ՀՀ ԱՆ ՔԿվ հանրային կապերի բաժին