Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթուղայինները Երևանից գալիս են, գյուղ չեն մտնում. Ջրառատի գյուղապետ (տեսանյութ)

Պաշտոնական
gyux-1

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր` տեղում համայնքային ճանապարհների բարեկարգման ուղղությամբ լուծումներ գտնելու նպատակով: Փոսառատ առաջին ճանապարհը տանում է Ջրառատ գյուղ: Համայնքից դուրս եկող ու դեպի Էջմիածին և Երևան տանող երկու ճանապարհներն էլ հիմնանորոգման կարիք ունեն: Համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը դժվարացավ ավելի կարևորն առանձնացնել` մեկով շտապ օգնության մեքենան է գյուղ հասնում, մյուսով ուսանողներն ու աշխատողներն են Երևան գնում: «Երթուղայինները Երևանից գալիս են, գյուղ չեն մտնում, իսկ շտապ օգնության մեքենաները մեր գյուղից կանչ ստանալուն պես ասում են` Էլի՞ Ջրառատ»,- պատմեց գյուղապետը: Նախարարը ժամկետներ չխոստացավ, բայց հավաստիացրեց` մոտակա ժամանակ ճանապարհը կներառվի հիմնանորոգման որևէ ծրագրում: Իսկ մինչ այդ ինժեներներ կգան` իրավիճակին մասնագիտական գնահատական տալու: Մյուս համայնքը, ուր կանգառ կատարեց նախարարը, Գրիբոյեդովն է: Այստեղ ճանապարհներից բնակիչների դժգոհությանը չափ չկար: Նախարարն անձամբ տեսավ ճանապարհահատվածի անմխիթար վիճակն ու հրատապ լուծում առաջարկեց. ամռանը աղացած ասֆալտով ժամանակավոր հարթեցնել ճանապարհը, իսկ 2018-ի բյուջեով խոստացավ անպայման հիմնանորոգման հարցը լուծել: «Աշխատանքները հնարավոր կլինի սկսել ամռանը` հունիս ամսին, որովհետև տվյալ տեխնոլոգիան պահանջում է տաք եղանակային պայմաններ»,- ասաց Վահան Մարտիրոսյանը: Գրիբոյեդովի բնակիչները նաև գյուղի փոստային բաժանմունքի անմխիթար վիճակը ներկայացրին: Նախարարն այդ խնդրին էլ հետամուտ կլինի: Ծիածան, Հովտամեջ, Լեռնամերձ. այս համայնքների ճանապարհների մասին գյուղապետերը պատմեցին: Ասում են` իրենց գյուղատնտեսական արտադրանքի չսպառվելու պատճառներից հիմնականը անբարեկարգ համայնքային ճանապարհներն են: «Շատ անգամ այլ գյուղերից ու քաղաքներից մեզ մոտ ապրանքի հետևից չեն գալիս, որ մեր ճանապարհներով իրենց մեքենաները չքշեն»,- ասաց համայնքների ղեկավարներից մեկը: Նախարարը «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանին հանձնարարեց այստեղ ևս ուղարկել մասնագետներ, չափագրել ու հաշվարկներ անել` ինչ ծավալի աշխատանք է պահանջվում: Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի 3 կմ-անոց անբարեկարգ հատվածն արդեն վերականգնվել է անցած տարվա «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի տնտեսումների հաշվին: Նախարարը դիտարկեց կատարված աշխատանքը, դիտողություններ արեց, ճանապարհաշինական ընկերության ներկայացուցիչն էլ խոստացավ արագ շտկել թերացումները: Իսկ ասֆալտի մի հատված ընդհանրապես ենթակա էր փոփոխման: Նախարարը խիստ հրահանգեց եղանակի բարենպաստ դառնալուն պես անհապաղ սկսել շինաշխատանքները, թերություններով հատվածները կրկին ասֆալտապատել: Այցելած բոլոր համայնքներում նախարարը ընդգծեց, որ համայնքային անբարեկարգ ճանապարհների հիմնանորոգման հարցը նախարարության աշխատանքային օրակարգում է, և որ հնարավորության սահմանում լուծումներ կտրվեն բոլոր խնդիրներին հերթականությամբ` ըստ հրատապության:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն