«Վաղը գազը քաշած լինի, օպերացիան արված լինի». Ծառուկյանը՝ Բերդում
Ծառուկյան դաշինքն այսօր հանրահավաք էր կազմակերպել Բերդ քաղաքում: Հանրահավաքին մասնակցելու էր եկել անձամբ Գագիկ Ծառուկյանը: Իր ելույթից հետո նա իջավ՝ մարդկանց հետ զրուցելու: Նա գրեթե բոլորին խոստացավ հաշված օրերի ու ժամերի ընթացքում դրամական եւ նյութական օգնություն ցույց տալ : Քաղաքացիներից մեկը նշեց, որ ինքը վիրահատության կարիք ունի, բայց գումար չունի: Գագիկ Ծառուկյանը արձագանքեց. «Վաղը կգաս Երեւան, օպերացիադ կանես»: Մի ուրիշ քաղաքացի էլ նշեց, որ իրենց տանը գազամատակարարում չկա ֆինանսական դժվարությունների պատճառով. «Հայկ, վաղը էս մարդու գազը քաշված լինի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով Բերդ քաղաքում «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Հայկ Ղուկասյանին: Բերդի բնակիչներից մեկն էլ խնդրեց Գագիկ Ծառուկյանին այնպես անել, որ ԱՊՊԱ-ն պարտադիր չլինի. «Օրվա աշխատող ենք, չենք կարողանում հասցնել»: «Ես էլ եմ օրվա աշխատողի ընտանիքից, ես ձեր դարդն ու ցավը գիտեմ, էդ ամեն ինչը պարտադիր չի լինելու»,- նշեց Ծառուկյանը: Հասկանալով, որ քաղաքացիների հարցերը չափազանց շատ են՝ Հայկ Ղուկասյանը պատասխանեց. «Էլ հարցեր մի տվեք իրան, ես համարս տալիս եմ, ինձ զանգեք: Տեղս գիտեք, ինձ ճանաչում եք: Ձեր հարցը կլուծենք»: