Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստ ենք համագործակցել ՀԱԿ-ի հետ. ՀՀԿ (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram-baxdasaryan

Հանրապետականները մեծ հակասություն չեն տեսնում իրենց նախընտրական կարգախոսում տեղ գտած «անվտանգության» եւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատկերացրած «խաղաղության» միջեւ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշում է. « Եթե չկա խաղաղություն, չի կարող լինել անվտանգություն: Մնացած բոլորը դրանց ածանցյալներն են՝ առաջընթացը, զարգացումը, ժողովրդավարությունը: Դրանք հաջորդելու են մեր անվտանգությանը եւ խաղաղությանը»: Ադրբեջանի հետ հարաբերություններին նույնպես դեմ չէ Հանրապետականը՝ միայն Արցախի ինքնորոշման խնդիրը կարգավորելուց հետո: Սակայն առայժմ կուսակցությունը շարժվելու է իր կարգախոսով՝ անվտանգություն եւ առաջընթաց. «Իսկ եթե ՀԱԿ-ը ցանկանա որ մեզ հետ նույնպես այդ կարգախոսով շարժվել, մենք պատրաստ ենք համագործակցել»: Դաշնակցությունը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի մեջ տեսնում է պարտվողականություն՝ Ադրբեջանը մտադիր չէ գնալ զիջումների: Այդ պայմաններում ինչպես է ՀԱԿ-ը մտադիր հասնել խաղաղության։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշում է. «Դե դրա հեշտ ձեւը հանձնվելն է, եթե պատերազմը դադարելու արագ լուծման ձեւ ենք որոնում, հեշտը հանձնվելն է: Եկեք հանձնվենք, ասենք Ադրբեջանն էս ա ուզում, որպեսզի բավարարենք նրա քմահաճույքները»: Արմեն Ռուստամյանի տպավորությամբ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն առ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նա պետք է դիմի Ադրբեջանի ղեկավարին եւ կոչ անի, որ Իլհամ Ալիեւը ճանաչի Արցախի անկախությունը: Միայն դրանից հետո նա պետք է խոսի փոխզիջումներից. «Հիմա եթե էդպիսի հայտարարություն կատարի, խնդիր չկա, կդառնա էն տեսակետը, որը պաշտպանում ենք մենք»: Անկախություն ասելով պարոն Ռուստամյանը նկատի չունի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, այլ նաեւ Ղարաբաղի անկախության հռչակման պահին ներկա տարածքը Շահումյանի շրջանի հետ: Կոնգրեսական Արամ Մանուկյանը հեգնանքով է արձագանքով դաշնակցական պատգամավորի պատկերացումներին. «Սոչին ու Ստամբուլն էլ գումարենք հետը եւ համաձայնություն տանք, ինչի՞ չէ: Ցանկությունների առումով Դաշնակցությունը ներկայացնում է բաժակաճառ»: Խաղաղության հասնելու Հայ Ազգային Կոնգրեսի ծրագիրը պետք է հավանեն ոչ թե դաշնակցականները, այլ ժողովրդի մեծամասնությունը: «Եղածը պետք է պահել»,-ասում է Արամ Մանուկյանը. «Մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Հայաստանը կարող է անել քայլեր, որ ճանաչեն ուրիշ երկրները: Կարո՞ղ ես ուժեղ լինել, արա, խնդրեմ»: Իսկ ահա Հանրապետականի խաղաղության հասնելու ձգտումների համար Կոնգրեսն ուրախ կլինի: Ի վերջո ՀԱԿ-ը խոսում է խաղաղության մի ծրագրի մասին, որի շուրջ արդեն միջազգային կառույցներում  բանակցողը Հանրապետականն է. «Այն նախագիծը, որը կոչվում է էսպես ասած խաղաղության ծրագիր, դա մեր ծրագիրը չէ, դա Հանրապետականի եւ Ադրբեջանի հետ համաձայնեցրած ծրագիրն է»: ՀԱԿ-ը միայն կողջունի, եթե Հանրապետականը իրականացնի այդ ծրագիրը: