Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանի կոչին պատասխանում են առաջարկով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rrr

«Եվրոպայի հայերի համագումարն» արձագանքում է Սփյուռքի հայերին ուղղված վարչապետի  կոչին։ Կարեն Կարապետյանը հրավիրել է միջազգային ճանաչում ունեցող հայերին՝  մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին։ Սփյուռքը սեփական  գաղափարն է առաջարկում խորքային համագործակցության անցնելու համար։ «Յուրաքանչյուր նախարարության կողքին կազմվի մի հանձնախումբ՝ սփյուռքյան մասնագետներից կազմված խումբ, որն ունենա երկու հնարավորություն՝ մեկը խորհրդակցություն տալու, մյուսը՝ ներգործություն ունենալու, եթե այդտեղ տեսնում է կոռուպցիա և ցույց տա, թե ինչպես պետք է դա ուղղվի։ Եթե սա դրվի, ես վստահ եմ, ներդրումներ էլ կլինեն, կոռուպցիան էլ կվերանա»,- «Ա1+»-ի հետ զրուցում ասում է «Եվրոպայի հայերի համագումար»-ի նախագահ Կարո Հակոբյանը։ Սփյուռքը  նախկինում էլ վարչապետերից լսել է այսպիսի կոչեր, սակայն գործը խոսքից այն կողմ չի անցել։ Պետությունը ներգաղթի համար գործնականորեն հող չի պատրաստում։  «Սփյուռքի մեջ այնպիսի հնարավորություններ ու ռեսուրս գոյություն ունի, որ աշխարհի մեջ շատ քիչ ժողովուրդներ այդ հնարավորությունը կունենան, բայց մենք չենք օգտվում դրանցից։ Էդ հնարավորությունը միայն փողը չի, գիտելիքն է, փորձն է, կրթությունն է։ Ինչո՞ւ մինչև հիմա չի ստացվել, ու հիմա պետք է ստացվի»,- ասում է պարոն Հակոբյանը։ Տարեկան 40 000 մարդու արտագաղթի պայմաններում դժվար է մտածել մեծ մասշտաբների ներգաղթի մասին։ «Եթե զուտ տնտեսական առումով նայենք, կապիտալը պիտի ունենա ապահովություն։ Կապիտալի ապահովությունը թղթի վրա շատ լավ է գրված, բայց մենք հո գիտենք, թե իրականության մեջ ինչ դժվարություններ կան, էդ դժվարություններն է, որ թույլ չի տալիս»։ Եվրոպահայերը ոգևորված են Եվրամիություն-Հայաստան Շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի փաստից։ Կարո Հակոբյանն ասում է. «Հնարավորություն է ստեղծվում Հայաստանի համար օգտվելու Եվրոպայից, այն, ինչ դրականն է։ Շփումները որքան մոտ լինեն, դա կօգնի Հայաստանի զարգացմանը, կօգնի թե քաղաքական, թե տնտեսական, կօգնի ղարաբաղյան հարցում համակողմանիորեն»։ Եվրոպայի հայերի համագումարը հակված չեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում պաշտպանել քաղաքական ուժերից որևէ մեկին։  «Ուղղակիորեն որևէ ուժի սատարելը մենք այնքան դրական չենք դիտում, որովհետև ուժերը փոխվում են, սփյուռքն է անջատվում ու պառակտվում, մենք Սփյուռքի պառակտման կողմ չենք։ Պիտի Սփյուռքը աջակցի երևույթը. որ ուժը այդ երևույթը ընդունում է՝ ազատ ընտրություններ, ժողովրդավարություն, մենք աջակում ենք այդ ուժին»։ «Եվրոպայի հայերի համագումարն» անմասն չի մնա ընտրական պրոցեսներից։ «Արդարությունը Հայաստանում» նախագծի շրջանակներում դիտորդական առաքելության կիրականացնեն։