ՓՊ խորհրդի ընտրություններն անհարթ չեն անցնում (տեսանյութ)
Հայաստանցի փաստաբաններն այսօր Փաստաբանների պալատի խորհուրդ են ընտրում։ Թեկնածություն է առաջադրել 39 թեկնածու, որոնցից միայն 12-ը կընդգրկվեն այդ մարմնի կազմում։ Այսօր առավոտից սկսվել է քվեարկությունը, որը սակայն այնքան էլ հարթ չի ընթանում։ «Ա1+»-ն ականատես եղավ միջադեպի։ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի դիտորդը քվեարկել ցանկացող փաստաբաններից մեկի գործողությւոններում կարգի խախտում նկատեց։ Այդ մասին զգուշացմանն ի պատասխան կարգ խախտողն ինքը դիտողություն արեց դիտորդին. «Չհասկացավ էս աղջիկը։ Չհասկացար, նորից շարունակում ես...»։ Դիտորդ Լիլիթ Գևոգյանը միջադեպի մասին ասաց հետևյալը. «Ընդհարման պատճառն այն էր, որ ուղղակի խնդրեցի չխանգարել ընտրողներին։ Երկու խցիկների արանքում կանգնած փաստաբանը վրդովմունք արտահայտեց ու ասաց, որ ինքը կարգը չի խախտել»։ Նա խախտումների մեկ այլ պատճառ արձանագրեց. «Խախտումների գերագույն պատճառը խցանումներն են։ Շատ -շատ են ընտրողները ներսում և դրսում, չենք կարողանում հոսքը վերահսկել»։ Փաստաբան Դիաննա Գրիգորյանի վստահված անձ Արամազ Կիվիրյանը հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքում իրապես որակյալ խորհուրդ կկազմավորվի. «Այն խորհուրդը, որը որ գոյություն ունի այսօր, որպես փաստաբան ինձ չի գոհացնում, չի գոհացնում նաև բազմաթիվ փաստաբանների։ Հուսով եմ՝ իրավիճակը փոփոխության կենթարկվի»։ Նշենք, որ Հայաստանում լիցենզիա ունեցող փաստաբանների թիվը 1779 է, որոնք բոլորն էլ իրավունք ունեն մասնակցել Պալատի ղեկավար մարմինների ընտրությանը։ Բացի ՓՊ Խորհրդի անդամների կազմի որոշումը, փաստաբաններն այսօր նաև Կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրություն են անցկացնում։ Եվ չնայած 20 հաստիք է նախատեսվում, թեկնածուների թիվն ավելի քիչ է՝ 18։ Քվեարկության արդյունքները կհայտարարվեն կիրակի օրը։ Մանրամասները՝ տեսանյութում