Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

Պաշտոնական
16fd08c1-717f-43da-a5c3-085c1678cef6

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Քննությամբ պարզվել է, որ 13.07.2016թ.-ին Վանաձոր բժշկական կենտրոն ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել քաղաքացի Էդվարդ Ս.-ն: Վերջինս իր հերթին ոստիկաններին հայտնել է, թե, իբր, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելուց խուսափելու համար փախուստի է դիմել և բարձրությունից անզգուշաբար վայր ընկնել, ինչի հետևանքով էլ ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Ուստի որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Սակայն հետագայում` 28.07.2016թ.-ին, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Էդվարդ Ս.-ին դիտավորությամբ առողջությանը ծանր  վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 42Ա տանից գողություն կատարելու մեջ կասկածելու պատճառով հիշյալ տան բնակիչ Ռազմիկ Հ.-ն ինքնությունը դեռևս չպարզված անձանց հետ ծեծի է ենթարկել Էդվարդ Ս.-ին: Նրանք ձեռքերով և ոտքերով դիտավորությամբ հարվածներ են հասցրել Էդվարդ Ս.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վերջինիս կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: