«Պետական պարտքն ավելացվում է, խորը ճգնաժամի մեջ ենք» (տեսանյութ)
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին ու 2017թ. սպասելիքներին, համեմատություն անցկացրեց 1990-ականների հետ` նշելով, որ պատերազմական տարիներին իշխանությունները գնացին աննախադեպ բարեփոխումների, իսկ պատերազմից հետո տնտեսական աճ ապահովվեց. «Ազգային վիճակագրության ծառայությունը այսօր հրապարակել է 2016թ. հունվար-դեկտեմբերի տվյալները, ըստ որոնց գրանցվել է 0,5 տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Վաղուց այլեւս հնարավոր չէ վստահել ԱՎԾ տվյալներին, դրանք ընդամենը նկարչություն են»: Ինչ վերաբերում է 2017թ. ցուցանիշներին, ապա ըստ նրա, ինքը կներկայացնի իրատեսական գնահատականներ. «Եթե այս տարին մեկ տոկոս տնտեսական աճի սահմաններում էլ կարողանանք տարին փակել, դա եւս հաջողություն կհամարեմ։ Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա 2016թ. հաշվեկշիռն է -54036 մարդ։ Իսկ պետական պարտք-ՀՆԱ-ն կկազմի 55.7 տոկոս։ 2016թ. 85 մլրդ դրամ հարկ չի հավաքագրվել, որի արդյունքում բյուջեի պակասուրդն է ավելացել։ Այն լրացնելու համար էլ ավելացվում է պետական պարտքը։ Մենք խորը ճգնաժամի մեջ ենք»: Պարոն Խաչատրյանի խոսքով` 20 տոկոսով աճել է արտահանումը, սակայն, ըստ նրա, մի մեծ խաբեություն կա այստեղ` արտադրության ծավալները չեն աճել, սակայն արտահանումը` մեծացել. «Թվերի խեղաթյուրում կա այստեղ, քանի որ արտահանելիս մաքսային մարմինների կամ ԱՎԾ կողմից չի ֆիքսվում, թե այլ երկրներից որքան, օրինակ` լոլիկ կամ այլ ապրանք է ներմուծվում։ Արտահանումը ինչի՞ հաշվին է աճել, դրա պատասխանը չի տրվել, մասնավորապես լոլիկի հարցում։ Եթե այս հարցին պատասխան լինի, միջազգային մեծ սկանդալ կլինի»: Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին, ապա, ըստ նրա, դրանք ցանկացած պարագայում տնտեսական, սոցիալական շոկ են. «Խաբկանք են իշխանությունների այն հավաստիացումները, թե ներդրումներ են արվում կամ քայլեր են ձեռնարկվում. դրանք ընդամենը պոպուլիզմ են։ Ես չեմ տեսնում այն միջավայրը, որը կարելի է համարել բարենպաստ` ներդրումների համար»: Արդեն կա նախընտրական ակտիվություն, սակայն ՀԱԿ-ը լուռ է։ Վահագն Խաչատրյանը նշեց, որ շտապելու կարիք չկա.«Մեր մոտեցումները չեն փոխվել. Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում խոսեց խաղաղության մասին ու հենց այդ կարգախոսով ենք առաջնորդվելու։ Ի վերջո, կապիտալը ներհոսում է այնտեղ, որտեղ կա խաղաղություն ու կայունություն։ Մենք մեր խոսքն ասել ենք, ու ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին։ Ինչ վերաբերում է ընտրությունների օրվան` ապրիլի երկուսին, ապա, կարծում եմ, չի կարելի։ Մենք պատրաստվում ենք ընտրություններին։ Ինչ վերաբերում է քաղաքական այլ ուժերի հետ համագործակցությանը, ապա քննարկումներ են, մեր մոտեցումները առայժմ ճշգրտվում են։ Ցուցակի հետ կապված հստակություն դեռ չկա։ Ընտրությունների մեր շանսերը գնահատում եմ նորմալ։ Գիտեք, ասենք, ՏԻՄ ընտրությունների արդյունքներով չի կարելի գնահատել քաղաքական ուժին, դա իրական չէ, նույնն էլ վերաբերում է սոցիոլոգիական հարցումներին։ Անկեղծ ասեմ` այո, մենք այն նույն հեղինակությունը չունենք, ինչ 2012թ.»: