«Պարտադիր չէ լինել մեծ պետություն, կարևոր է սուբյեկտ լինել»
Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում հունվարի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեթոդաբանությամբ մշակված մշակույթի զարգացման ցուցիչների՝ ՄԶՑ-ի ազգային զեկույցի նախնական ներկայացումը։
Ներկայացմանն ու քննարկմանը ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, միջազգային փորձագետներ, պետական կառույցների և հ/կ-ների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի մշակույթի և արվեստի ոլորտի փորձագետ Ռագնար Սիիլը` ներկայացնելով ծրագրի հիմնական թեզերը։ Նա մասնավորապես նշեց, որ փաստաթղթում ներկայացված տվյալները սուբյեկտիվ լինել չեն կարող, քանի որ ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգվի, ճշտվի և հաստատվի, այլապես վիճակագրությունը կհամարվի թերի, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն նման հաշվետվություն չի ընդունի:
ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի թիմի ղեկավար Թիմ Ուիլիամսն իր ելույթում խոսեց աշխարհում խաղաղություն հաստատելու ճանապարհի մասին, ինչը կարող է բերել մշակութային համաձայնությունը։ Այս համատեքստում նա բերեց իրեն զարմացրած Գառնու տաճարի օրինակը:
«Նախորդ անգամ երբ Հայաստանում էի և Գառնի էինք գնացել, նկատեցի, որ սյունազարդ տաճարը նման է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպին: Մենք նույնպես հասարակությունը դիտարկում ենք մի քանի սյուներով` կրթություն, մշակույթ և այլն… Կա տանիք, կա հիմք, որոնց վրա կարելի է կանգնեցնել հիմնական սյուները: Կարծում եմ, որ աշխարհում խաղաղություն լինելու համար բոլորը պետք է ունենան նույն հիմքերը»,-ասաց նա։
Միջազգային փորձագետ Նաիմա Բուռգոն խոսեց մեթոդաբանություն սկզբունքի մասին, որը թույլ կտա գտնել մշակութային տեղեկատվության համապատասխան աղբյուրները`7 ձևաչափերում 22 ցուցիչներով:
«Առաջին հայացքից հակասական է թվում մշակույթը, որպես ավելի հուզական ոլորտ, ներկայացնել չոր թվերի միջոցով։ Մշակույթ «չափելը» հեշտ գործ չէ, սակայն ներկայացվող թվերը փաստում են, թե մշակութային ոլորտը ինչ դերակատարում ունի այս կամ այն երկրի զարգացման մեջ և սա չափազանց օգտակար նյութ կարող է լինել պետական կառավարիչների համար՝ գոնե ոլորտում տիրող վիճակը պատկերացնելու համար»,- ասաց նա։
Միջազգային փորձագետի խոսքով վիճակագրությունը հարցերի չի պատասխանում, այլ լրացուցիչ հարցեր է առաջադրում, և կարևոր է, թե տվյալ երկիրը որքանով է պատրաստ հետագա ներդրումներ կատարել, և որքանով է այս մեթոդաբանությունը նպատակային տվյալ երկրի համար։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեթոդաբանությամբ այսպիսի հետազոտություններ հիմնականում անցկացվում են տնտեսապես ոչ կայուն, դեռևս զարգացման ճանապարհը բռնած երկրներում։ Եվրամիության երկրներն արդեն վաղուց նման հետազոտությունների կարիքը չունեն:
Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեթոդաբանությամբ այսպիսի հետազոտություն առաջին անգամ է իրականացվում։
Գործընթացը մեկնարկել է 2016-թվականի մայիսին։ Ազգային գործընկեր ընտրվել է «Ջեներալ Ստանդարտ Քընսալթինգ» ՍՊԸ-ն:
Ընկերության ներկայացուցիչները` Արա Մարկոսյանը և Մանե Մկրտչյանը, ներկայացնելով կատարած աշխատանքի ընդհանուր պատկերը, խոսեցին ՄԶՑ տվյալների հավաքագրման, վերլուծության մասին, բերեցին օրինակներ:
Առայժմ նախնական արդյունքների ներկայացումն էր, քանի որ տնտեսական ուղղության աշխատանքները դեռ չեն ավարտվել: Թվեր կան, սակայն հաստատված չեն:
Արա Մարկոսյանը, ինչպես միջազգային փորձագետները, նույնպես համոզված է որ թյուր է կարծիքը, թե մշակույթը սպառող է. «Մշակույթը մուրացող չէ, մշակույթը փող տվող է, աշխատատեղեր ստեղծող է, եկամուտներ գեներացնող է և կարող է իր դերակատարումն ունենալ տնտեսության զարգացման գործում»:
[caption id="attachment_1516982" align="alignleft" width="256"]
Արա Մարկոսյան[/caption]
Փաստաթղթի ներկայացմանը հաջորդեցին քննարկումները։ Կազմակերպիչների խոսքով նման թեժ բանավեճը հաճելի անակնկալ էր, քանի որ այսպիսի քննարկումները հետագա մշակման պրոցեսը բարելավելու առումով շատ օգտակար են:
Արա Մարկոսյանը նշեց հատկապես հարցերի բովանդակության կարևորությունը:
«Մարդիկ հարցեր էին տալիս այս կամ այն ցուցիչի վերաբերյալ, հաշվարկների, մեթոդաբանության հետ կապված,- ասաց նա,- Հետաքրքիր հարցեր ու հարցադրումներ էին, և որ ամենակարևորն է մեր հետագա աշխատանքին սա անչափ կնպաստի: Դեռ մոտ մեկ ամիս ժամանակ ունենք գործն ավարտելու, տեխնիկական և անալիտիկ հաշվետվությունը բարելավելու տեսանկյունից: Բացի նրանից, որ հաշվետվությունը ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-իՆ, սա բաց աղբյուր է լինելու բոլորի համար: Թե որքանով արդյունավետ և կիրառելի կլինի, ցույց կտա ժամանակը»,- ասաց Արա Մարկոսյանը։
ՄԶՑ-ի նպատակն է ազգային և միջազգային զարգացման ռազմավարության, ինչպես նաև մշակութային քաղաքականության ձևավորման համար տրամադրել փաստերի վրա հիմնված մոտեցում: Միջազգային փորձագետները փաստեցին, որ Հայաստանի թիմը շատ լավ է աշխատել։
Փորձագետ Ռագնար Սիիլը ևս գոհ է ներկայացման արդյունքից. «Սա նախնական արդյունքների ներկայացումն էր և, ըստ իս, շատ հաջողված էր, քանի որ մենք կարողացանք քննարկում, բանավեճ ծավալել շահագրգիռ անձանց հետ»։
«Ներկայացուցիչներ կային նախարարություններից, վիճակագրական ծառայությունից, հ/կ-ներից և միջազգային կազմակերպություններից :Բոլոր այս հաշվետվությունները կհրապարակվեն, արձագանքները հաշվի կառնվեն և այսօրվա աշխատանքը մեզ օգնեց, որ վերջնական զեկույցը որակյալ լինի»,- վստահեցնում է նա։
Նույնատիպ զեկույց պատրաստվել է Ուկրաինայի համար, առաջիկայում կպատրաստվի Վրաստանի համար։
[caption id="attachment_1516984" align="alignright" width="307"]
Ռագնար Սիիլ[/caption]
«Երկու երկրների համար էլ սա առաջին փորձն էր` օգտագործել միջազգային մեթոդաբանություն՝ քարտեզագրելու միջազգային ժառանգությունը: Էական տարբերությունը տարածքի մեջ է: Ուկրաինան ահռելի մեծ պետություն է՝ Հայաստանի համեմատ: Ուկրաինան ապակենտրոնացված է, գործընթաց կա դեպի շրջաններ, իսկ այստեղ ավելի կենտրոնացված է: Տարբերությունները շատ են, սակայն երկու երկրների համար էլ կարևոր է զարգացնել մշակութային քաղաքականության որակը: Մենք այդ գործընթացին օժանդակում ենք՝ միջազգային չափանիշներին համահունչ»,- ասում է Ռագնար Սիիլը:
Տեղեկատվությունը կտեղադրեն տարբեր կայքէջերում: Նաև «Ստեղծարար ոլորտների մշակույթի տնտեսական կողմի զարգացումը» թեմայով ֆորում կկազմակերպվեն՝ հունիսի 9-ից 11-ը: Ժողովի ընթացքում կհրապարակեն տնտեսական ցուցանիշները: Սա շատ ավելի մասշտաբային քննարկում կլինի:
Ըստ փորձագետ Ռագնար Սիիլի յուրաքանչյուր երկրում, որտեղ աշխատում են, պարտադիր պետք է լինի կառավարության հետաքրքրվածությունը, որովհետև այս գործն առանց նախարարությունների, առանց վիճակագրական ծառայության անելն անհնար է:
«Ինչո՞ւ ենք հիմա Հայաստանում անում և ինչո՞ւ արեցինք Ուկրաինայում, ինչո՞ւ ենք անելու Վրաստանում։ Սա խոսում է այն մասին որ պետական կառույցները ներգրավված են և հետաքրքրությամբ սպասում են արդյունքներին: Իրական խնդիրը հետխորհրդային երկրներում վստահության բացակայությունն է, քանի որ մասնավոր սեկտորը չի վստահում պետական կառույցներին, և դա բնական է, և մեզ անհրաժեշտ օգնել՝ ձեռք բերելու այդ վստահությունը:
Ցուցանիշների մշակման նպատակներից մեկը հենց այդ վստահության ձեռքբերումն է: Քանի որ մենք ոչ թե կառավարության ներկայացրած թվերն ենք առաջ մղում, այլ միջազգային փորձագետների կողմից ստուգված, հաստատված մեթոդաբանության հիման վրա տալիս ենք փաստացի, իրական, ճշմարիտ ցուցանիշներ»,- ընդգծեց փորձագետը։
Նա նաև հիշեցնում է հայկական մշակութային հարուստ ժառանգության մասին, որը ստեղծարար ոլորտների համար ոգեշնչման աղբյուր է:
«Այցելել եմ «Թումո» կենտրոն, որը համաշխարհային մակարդակի նախաձեռնություն է: Ինչպես են աշխատում երեխաների, երիտասարդ սերնդի հետ, ուղղակի զարմանահրաշ, ապշեցուցիչ աշխատանք է: իսկապես շատ դրական բաներ կան, բայց կա նաև ներուժ, որ իրացված չէ
Պարզվում է դուք լուրջ սուբյեկտ եք մշակույթի ստեղծարար ոլորտում, ուժեղ բազա ունեք, հմտություն, լավ կրթություն։ Միգուցե մշակութային ոլորտի կառավարչական հմտությունները այնքան էլ ժամանակակից չեն, տնտեսական ճգնաժամի պայմաններում բյուջեն բավարար չէ, բայց, հուսով եմ, Հայաստանը կհասկանա, որ մշակույթը ծախս չէ ձեր փոքր բյուջեի ուսերին, այլ ներուժ է, որը կարող է լրացուցիչ արժեք բերել։
Ես էլ ավելի փոքր պետությունից եմ, քան Հայաստանը։ Էստոնիան 1,2 միլիոն բնակչություն ունի. Երևանի չափ է, մի խոսքով, բայց նա Սկայպի ծննդավայրն է: Այսինքն՝ պարտադիր չէ լինել մեծ պետություն, կարևոր է սուբյեկտ լինես: Պետք է գտնես խելացի մարդկանց, պետք է նրանց օգնես, հնարավորություններ ընձեռես, արտասահման ուղարկես, որ կապեր ստեղծեն, սովորեն, որպեսզի վերադառնան և արժեք ավելացնեն Հայաստանին, մշակույթի և ստեղծարարության ոլորտներին»,- եզրափակեց փորձագետը: