Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է սթափեցնեն Ադրբեջանին. ԱԳՆ

Պաշտոնական
Nalbandyan-Eduard4

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Խստագույնս դատապարտում ենք այսօր Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը, որը հանգեցրել է մարդկային կորուստների։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ծառայակիցներին։ Այն պայմաններում, երբ դեռ հաղթահարված չէ ապրիլ ամսին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կարգավորման գործընթացին հասցված լրջագույն վնասը, Բաքուն նոր արկածախնդրության է դիմում՝ կոպտորեն խախտելով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, հիմնահարցը խաղաղ միջոցներով կարգավորելու վերաբերյալ հանձնառությունը: Այսպես է Բաքուն պատասխանում Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների արտգործնախարարների հնչեցրած հստակ պահանջին՝ անվերապահ պահպանել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը։ Միջազգային հանրությունը՝ եռանախագահների միջոցով, բազմիցս կոչ է արել հարգել զինադադարը հատկապես տոնական օրերին: Իրականացնելով ռազմական դիվերսիան Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին` Բաքուն դեմ է դուրս գալիս համամարդկային արժեհամակարգին։ Միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն, անհապաղ քայլերով պետք է սթափեցնեն իրենց կոչերը ու պահանջները հանդգնորեն արհամարհող, դրանց հակառակ գնացող, իրականության զգացումը կորցրած ադրբեջանական ղեկավարությանը: