Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարեփոխվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգը

Պաշտոնական
c116ebb7db07a8142449f43771ee55d5

ՀՀ Նախագահի կարգադրությանը համահունչ բարեփոխվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին այսօր հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:  Նրա խոսքով, մասնավորապես, առաջարկվում է գործարկել անկախ հանձնաժողով-դատարան ինստիտուցիոնալ մոդելը՝ օժտված համապատասխան գործիքակազմով: «Այս մոդելը կբացառի պատիժը կատարող հիմնարկի և անկախ հանձնաժողովի կողմից նույնաբնույթ գործառույթների իրականացումը, կբարձրացնի անկախ հանձնաժողովների արդյունավետությունը»,- նշեց նախարարը: Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ պատճառաբանված որոշումների հիմքում: «Ընտրվել են հնարավորինս օբյեկտիվ և չափելի գործոններ, որոնք կարող են նվազագույնի հասցնել չափանիշները գնահատողի սուբյեկտիվիզմը»,- վստահեցրեց նախարարը: Առաջարկվող կարգավորմամբ դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այդ թվում՝ ըստ էության բողոքարկելով անկախ հանձնաժողովի որոշումները: Սա բխում է դատապարտյալի լսված լինելու և դատական պաշտպանության սկզբունքներից: Փոփոխության է ենթարկվելու նաև անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների կազմը: Մասնավորապես՝ անկախ հանձնաժողովի կազմում կընդգրկվեն ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, ՀՀ Նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերից, ՀՀ փաստաբանների պալատից և հասարակական կազմակերպությունից:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն