Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հսկելու են, որպեսզի ավտոկայանատեղի համար ապօրինի գումարներ չգանձվեն

Պաշտոնական
4109424aa00d348835e832178d0c8454

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի արձանագրման և կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է ապօրինաշինության և հողազավթման 4 դեպք: Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով  էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 23 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել և խստացնել այս ուղղությամբ աշխատանքները: Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում նախորդ շաբաթ կազմվել է 18 արձանագրություն: Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ շարունակվում է նաև հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը, ինչպես նաև մայթերում, կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու նպատակով: Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը  զեկուցել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի միջոցով կատարված նվիրատվությունների շնորհիվ մայրաքաղաքի դպրոցներում և  մանկապարտեզներում կատարվել են մասնակի նորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը պարբերաբար ներկայացնել այդ մասով կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի  հանձնարարականի` կազմված է հստակ ժամանակացույց՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից  վարչական շենքերում  դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ, շուրջօրյա հերթապահություն իրականացնելու վերաբերյալ: Հերթապահություն սահմանված է լինելու նաև 12 վարչական շրջաններում, ինչպես նաև կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններում: Տոնական ոչ աշխատանքային օրերին բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով էլ հանձնարարվել է  քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գիծ»  ծառայություններում ևս ապահովել շուրջօրյա հերթապահություն: